Ոչ հասուն տարիքում հղիությունն ու ծննդաբերությունն ավելի բարդացված ընթացք են ունենում. փոխնախարար
«Պատանի առաջնածին կինը համարվում է մանկաբարձական տեսանկյունից ռիսկի խումբ»,- ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանը։
Նրա խոսքով, ոչ հասուն տարիքում հղիությունն ու ծննդաբերությունն ավելի բարդացված ընթացք են ունենում, դրանք էնդոկրին, ոսկրային, մկանային, օրգանիզմնի ադապտացման համակարգերի ոչ բավարար զարգացման, օրգանիզմի ֆիզիոլոգիական իմաստով հղիության անպատրաստվածության հետևանք են։
«Վաղ սեռական կյանքն ու վաղ ծննդաբերությունը, ոչ բավարար գիտելիքները սեռական կյանքի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին կարող են ազդեցություն ունենալ կնոջ հետագա գինեկոլոգիական և վերարտադրողական առողջության վրա»,- ասաց Ա. Գասպարյանը։
Սակայն, ըստ փոխնախարարի, առողջապահական տեսանկյունից կարևոր է գնահատել վաղ ամուսնության և և ծննդաբերության ազդեցությունը ոչ միայն մոր, այլև երեխայի վրա՝ սնուցումն ու լավագույն շահը ապահովելու տեսանկյունից։
«Հետազոտությունները վկայում են, որ մանկական մահացությունների ցուցանիշները հակառակ համեմատական են մոր կրթական մակարդակին, ուստի զրկելով դեռահասին կրթության իրավունքից՝ վտանգի տակ է դրվում նաև իր երեխայի առողջությունը»,- ասաց Ա. Գասպարյանը։
Նա նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ վաղ ծննդաբերությունների նվազում կա. եթե 2011-ին գրանցվել է 3372 ծննդաբերություն մինչև 19 տարեկանների շրջանում, 2022-ին՝ 967։
Հարակից հրապարակումներ`
- Եթե երեխան 7 տարեկանում եկավ դպրոց, երկրորդ դասարանում է հայտնվելու․ Սվաճյան
- Դպրոցներում երեխաներն ուսումնասիրում են սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ. Փոխնախարար
- Վաղ ամուսնությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում. Ռուստամ Բաքոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան