ԱԺ-ում քննարկել են «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում կառավարության հեղինակած «Թանգարանների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն էր:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության, մասնավոր թանգարանների, բուհերի, Հայ առաքելական եկեղեցու, ԿԳՄՍ նախարարության պատասխանատու ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:
Բացելով քննարկումը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը հայտնել է, որ նախագծում արդեն ավելացվել են որոշ հոդվածներ, որոնք վերաբերում են թանգարանների հավատարմագրման հարցին, թանգարանային կրթությանը, ինչպես նաև լրամշակվել է ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող հոդվածը: Հստակեցվել են թանգարանների աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները, կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը քննարկման մասնակիցներին կոչ է արել ներկայացնել առաջարկներն ու դիտողությունները, որոնք ընդունելի լինելու դեպքում կներառվեն նախագծում:
Քննարկման մասնակիցները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, դիտողություններ եւ մտահոգություններ, նշել նախագծում առկա բացթողումները, ընդգծել ոլորտը կարգավորող օրենք ընդունելու հրատապությունը:
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովը նախատեսում է քննարկել առաջիկա նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան