Վահե Հովհաննիսյան. Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ծավալուն հոդվածով անդրադարձել է հարցին՝ «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ»։
Մաս 1
Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ.
1. Մի օր
2. Նոր աղետից հետո
3. Երբ էլ գնա, իր հետ կտանի նաև Հայաստանը
4. Երբ էլ գնա, հեռանալուց հետո կթողնի վերականգնման անունակ, անհեռանկար մի կիսապետություն
5. Կգնա տեսանելի ժամկետներում, առանց արհավիրքների ու պետությունը և հայկական աշխարհը կունենան վերականգնման հնարավորություններ։
Ո՞ր դեպքում է հնարավոր 1-4 տարբերակներից մեկը. այսօրվա իներտ ընթացքի, պայքարի այս լրջության, այսօրվա մեխանիզմների, ձևաչափերի, ձևակերպումների, խաղի կանոնների շարունակման դեպքում։ Իրավիճակի ընկալման մեր այսօրվա պատմական անլրջությունը բերելու է այդ սցենարներին։ Պարզ ասած՝ այսօրվա ընթացքը գրեթե երաշխավորում է 1-4 կետերը։
Ո՞ր դեպքում հնարավոր կլինի 5-րդ կետը. երբ ձևավորվի պայքարի նոր ձևաչափ, նոր մենեջմենթ՝ նոր ձևակերպումներով, նոր խաղի կանոններով, որոշումների կայացման նոր մեխանիզմով, նոր ասելիքով, որն ինքը կթելադրի օրակարգը և ոչ թե կվազի Նիկոլի քաոտիկ օրակարգի հետևից՝ ինչպես այսօր։ Այդ նոր ձևաչափում պետք է լինեն հանրային գործիչներ, եկեղեցու ներկայացուցիչներ, տարբեր կուսակցություններից գործիչներ, տարբեր շարժումների, միավորների ներկայացուցիչներ։ Այս միավորը պետք է ունենա հստակ անուն, հասցե, դիմագիծ... Մի խոսքով՝ ամեն-ամեն ինչով պետք է դառնա իրական-շոշափելի այլընտրանք այս իշխանությանը։
Ինչպե՞ս ձևավորել նոր ձևաչափը
Առաջին 50 հոգուն միավորելն ամենադժվարն է։ Երբ դա անենք, ամիսների ընթացքում շարժումը ներառելու է 1 մլն քաղաքացի։ Պետք է պայմանավորվել խաղի մի քանի կարևոր խաղի կանոնի շուրջ, ձևավորենք պայքարի մենեջմենթ, ու պրոցեսը կգնա։ Պետության կյանքում նոր փուլ սկսելն աշխատանք է, որը պահանջում է միտք, ռեսուրս և մենեջմենթ։ Եթե վերջին երկուսը չկան՝ մի խաբեք ձեզ։
Որո՞նք են խաղի հիմնական կանոնները
1. Հասարակության հետ խոսում ենք բացարձակ անկեղծ. չկա խաբել, չկան սուտ խոստումներ, չկա էժան հայրենասիրություն, չկա թանկարժեք պոպուլիզմ։
2. Շարժման ներսում իրար հետ լինում ենք ազնիվ։ Բացառում ենք ներքին խանդն ու խարդավանքները։ Էն գլխից մերժում ենք ցանկացած դատարկ անձնական ամբիցիա, անձնական շահ։ Նման մարդկանց ի սկզբանե պետք է մոտ չթողնել։
3. Կազմվում է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման լուրջ ստրատեգիական փաստաթուղթ, զուգահեռ՝ դրա պարզեցված, տեխնոլոգիական գրագետ տարբերակներով-դրույթներով խոսում ենք ժողովրդի հետ՝ բոլոր սոցիալական խավերի, ընտրազանգվածների։ Իրականացվում և հասարակությանը մատուցվում է միասնական գրագետ տեղեկատվական արշավ՝ բոլոր ցավոտ, բարդ, կարևոր հարցերի շուրջ (անվտանգություն, թալան, հարկեր, բանակ, Արցախ, տրանսպորտ, Ռուսաստան-Արևմուտք, Իրան, Թուրքիա և այլն)։ Դա արվում է բոլոր խողովակներով, ողջ երկրով։ Հասարակությունը պետք է հստակ հասկանա՝ ինչ է լինելու իր հետ, իր ընտանիքի հետ, պետության հետ՝ Նիկոլից հետո։
Ինչո՞ւ պետք է Նիկոլը հեռանա, և գա նոր փուլ
Պետությունը կորցրել է իր տրամաբանական կառավարումը։ Երկրի ներսում ու շուրջն անզուսպ քաոս է։ Իշխանությունը ծայրահեղ արժեզրկված է։ Մենք ապրում ենք աղետից աղետ ազատ դրեյֆի մեջ. սա չափազանց վտանգավոր է։ Պետությունը կարիք ունի նոր փուլի, իսկ դա հնարավոր է բացառապես Նիկոլի հեռացումով։
Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 2
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։
Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։
Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին։ Փոփոխությունը գալու է, երբ մենք մարդկանց պարզ ասենք՝ ի´նչ ենք անելու, ի´նչ ենք առաջարկում մեր ժողովրդին՝ Նիկոլի գնալուց հետո, և վերջապես՝ ովքեր ենք «մենք»։ Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմական վերականգնման նոր փաթեթ, նոր տեսլական ներկայացնող ուժեր, որոնք նաև կստանձնեն այդ փաթեթի իրականացման պատասխանատվությունը։ Այդ մարդիկ պետք է նոր ձևաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն նախ՝ իրար հետ և հետո՝ հասարակության հետ: Զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր։ Մարդկանց պետք է ազատել հետոյի անորոշությունից։ Երբ քաղաքացին հասկանա, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ անորոշությունից և վերջապես դուրս կգա տնից։
Մնացել է կես քայլ
Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ։ Ողբերգական կյանքը ստիպեց, որ հընթացս ձևավորվի նոր անվանացանկ՝ սկզբունքային, գրագետ, պարկեշտ մարդկանցից (կամ՝ ծանոթ դեմքեր նոր պայմաններում հանդես եկան նոր որակներով), մարդկանց, որոնց կյանքի իմաստն այլևս միայն պետություն պահելն է։ Այս մարդկանց թիվը բավականին մեծ է. նրանց կգտնենք հանրային հարթակներում, եկեղեցում, ցավոք՝ նաև բանտերում։ Վերջին դժվար կես քայլի վրա ենք։ Պետք է հաղթահարենք մի շարք տեսանելի և կռահելի արգելքներ.
1. Ներքին խանդ, խարդավանք
2. Չհիմնավորված անձնական ամբիցիաներ
3. Ռեսուրսի բացակայություն
Իհարկե, պետք է ընդունել, որ ոչ բոլորն են ազնիվ ու ոչ բոլորի համար է պետական շահը զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Իհարկե, կան դեպքեր, երբ անձնական բարեկեցությունը կամ գույքն են առաջին տեղում։ Խնդիր կա նաև չհիմնավորված ամբիցիաներ ունեցողների հետ, ինչը խանգարում է լայն ու բազմազան շրջանակների միջև առողջ գործընկերային հարաբերություններ ստեղծելուն։ Այս երկու խնդիրն էլ կարելի է լուծել պրոցեսի հենց սկզբից՝ խաղի ճիշտ կանոններ ֆիքսելով և խստորեն պահելով դրանք։
Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո'ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։ Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ»։