«Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։
«Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:
Ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:
Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։
Չհայտարարված այցի արդյունքները ամփոփվում են, արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Հարակից հրապարակումներ`
- «Վանաձոր» ՔԿՀ-ում խռովությունը շարունակվում է
- Փաստաբանի ահազանգը. «Վանաձոր» ՔԿՀ-ի մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ 3-4 օր է՝ հացադուլի մեջ են
- Զանգվածային խուզարկություններ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում