Անուշ Պողոսյան. Առողջապահության նախարարի կողմից որս է սկսել պրոֆեսիոնալների դեմ
«Այո, առողջապահության նախարարի կողմից որս է սկսել պրոֆեսիոնալների դեմ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ անդրադառնալով Արտավազդ Վանյանի՝ ՀՎԿԱԿ տնօրենի պաշտոնը լքելուն։
Ըստ տեղեկությունների՝ տևական ժամանակ լարված էին Անահիտ Ավանեսյանի ու Ա. Վանյանի հարաբերությունները։
Ա. Պողոսյանը ցավալի է համարում համակարգից պրոֆեսիոնալների հեռանալը, հատկապես ՀՎԿԱԿ-ից, որն ամենակարևոր առողջապահական հիմնասյուներից մեն է։
«Այն մեծ դերակատարում ունի հանրային առողջապահակական ոլորտում կատարվող աշխատանքների համար։ Անցած ամիս ազատվեց նաև փոխնախարար Արմեն Նազարյանը, որը ևս պրոֆեսիոնալ էր, երկար տարիներ աշխատել էր ՊՆ-ում, շատ լավ տիրապետում է համակարգին»,-ասաց ՀԿ նախագահը՝ թվարկելով ևս մի քանի պաշտոնազրկումներ։
Նա անհասկանալի է համարում նման ազատումները, երբ երկիրն ամեն րոպե կանգնած է ռազմական գործողությունների վտանգի դեմ, որի ժամանակ առողջապահական բաղադրիչը կազմակերպելու համար պրոֆեսիոնալիզմ է պահանջվում։
Պողոսյանը թվարկեց՝ ազատվել է ԾԻԳ-ի տնօրենը՝ Երվանդ Էլիբեկյանը իբր Մարտունու հիվանդանոցի վատ շինարարության պատճառով, մինչդեռ այլ մեղավորներ կան։
«Այսօր մարտունեցիները բուժվում են նկուղում։ ԱՆ լիցենզավորման բաժնի պետը գնում է և տեսնում է, որ ինքը թերապևտիկ բաժանմունքը լիցենզավորել է առաջին հարկում, բայց փաստացի հիվանդները պադվալում են բուժվում։ Ու ոչ մի ռեակցիա չկա։ Անհասկանալի է Նազարյանի ու Էլիբեկյանի ազատումը, քանի որ հենց նախարարի հրահանգ է եղել բացում կատարել կիսատ-պռատ սարքված Մարտունի ԲԿ-ում։ Պետական առողջապահական գործակալության տնօրեն Ծաղիկ Վարդանյանին ազատել էին խիստ խախտումներով, որը դատարանով վերականգնվեց աշխատանքում, ապա իր դիմումի համաձայն, դուրս աշխատանքից։ Շատ ԲԿ տնօրեններ են ազատվում, այստեղ ինտրիգներն անընդհատ են։ Վերջին թարմ օրինակը Սևանի հոգեբուժարանի՝ մրցույթով ընտրված տնօրենը, որին կարճ ժամանակ աշխատելուց հետո ազատեցին ու նշանակեցին մեկ այլ մարդու, որը ոլորտի հետ կապ չունեցող է»,-ասաց նա։
Նրա խոսքով, այս իրավիճակում ոլորտը օր օրի կործանվում է, ոչ մի պրոֆեսիոնալ չի ցանկանում աշխատել նման պայմաններում։
«Մարդիկ ազատվում են անհասկանալի հիմնավորումներ, անհասկանալի պատճառներով։ Կոռուպցիոն առումով ամեն ինչ կարող է լինել այս ազատումների ու ընդունումների մեջտեղում։ Պրոֆեսիոնալների հեռացումը համակարգից շուտով իրենց վրա զգալու են հիվանդները, արդեն զգում են և դեռ զգալու են՝ սպասարկման ոլորտում, առողջապահական ծառայությունների մատուցման առումով և այլն։ Կարծում եմ, կործանվում է առողջապահական համաարգը, որը թույլ տալ չի կարելի»,-ասաց նա։
ՀԿ նախագահի համոզմամբ, այս ազատումների նպատակը մեկն է. «Պրոֆեսիոնալներն աշխատում են ի բարելավում համակարգի, ի շահ հիվանդի։ Փոխարենը բերում են այնպիսի մարդիկ, որոնք յուրային են, որոնք պրոֆեսիոնալության հետ կապված խնդիր ունեն, որպեսզի ավելի հեշտ կկատարեն հրահանգները, ինչպես նաև բազմապիսի աշխատանքներ, որոնցում կան անօրինական գործառույթներ։ Այդ պատճառով, այն մարդիկ, որոնք վերլուծելու ունեկություն ունեն, չեն համաձայնում կատարել օրենքից դուրս հանձնարարականներ, նրանք ազատվում են»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՎԿԱԿ տնօրեն Արտավազդ Վանյանը հեռացել է պաշտոնից
- Իսկ դու, սիրելի հպարտ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում. Անուշ Պողոսյան