Շիրակի մարզում մարդիկ անելանելի վիճակում են, որևէ հեռանկար չեն տեսնում, արտագաղթում են. Վահան Թումասյան
«Աղքատությունը Շիրակում անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Այդ մասին են վկայում ոչ միայն պաշտոնական տվյալները, նաև ինքս շրջելով տնակային ավաններում և գյուղական համայնքներում՝ իմ աչքով եմ տեսնում այդ վիճակը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը, ով մարզի գյուղական համայնքներում, տնակներում ապրողներին վառելափայտ է բաժանում։
Նրա խոսքով, Շիրակի ողջ մարզում է այդ վիճակը։
«Մարդիկ անելանելի վիճակում են, որևէ հեռանկար չեն տեսնում։ Ձմռան վառելիք չեն կարողացել գնել։ Ճիշտ է, փայտի գները շեշտակի աճել են, բայց եթե անգամ չբարձրանալ էլ, մարդիկ գումար չունեն, որ գնեն։ Բախներս բերել է մի բանով, որ տաք ձմեռ է, հակառակ դեպքում սոսկալի վիճակ կլիներ»,- ասաց Վ.Թումասյանը։
Նա նշեց, որ Շիրակի մարզում նաև բարեգործական ծրագրեր են պակասել. «Հասկանալի է, որ աղետի գոտի, տնակային ավան հասկացողություններն արցախահանության տեղահանությունից հետո երկրորդ, երրորդ պլան է մղվել»։
Շիրակի մարզում, ըստ նրա, 40 տոկոսով կրճատվել է անասնաքանակը։ Դա կապված է մի քանի հանգամանքի հետ։
«Նախ՝ երբ մարդիկ տնտեսություն չեն հիմնում, խոսում է հեռանկարի բացակայության մասին։ Մարդիկ հույս չունեն, ապագա չեն տեսնում իրենց բնակավայրերում։
Կան փոքր գյուղեր, որոնք եթե մի նախիր ունեին, 1-2 կով է մնացել ողջ գյուղում։ Երկու տարի շարունակ երաշտ եղավ, գյուղացուն որևէ փոխհատուցում չեղավ։ Կերի պակաս կա։ Մասսայական արտագաղթի պատճառով գյուղերում երիտասարդներ չկան, նախիրը արոտավայրեր տանող չկա։ Բացի այդ, արոտավայրերն էլ չորացել են»,- ասաց Վ.Թումասյանը։
Նա նաև նշեց, որ եթե տարիներ առաջ հանդիպում էին բազմազավակ, շատ երեխաներ ունեցող ընտանիքների, նոր ձևավորվող ընտանիքների, հիմա դա էլ չկա։
«Մտնում ես մարդու տուն, տեսնում ես, որ որևէ նոր բան չկա տանը, ունեն սննդի, վառելիքի, սոցիակական այլ խնդիրներ»,- ցավով ասաց նա։
Վահան Թումասյանն ընդգծեց, որ Շիրակի մարզում սոցիալական վիճակի փոփոխությանն ուղղված որևէ լուրջ ծրագիր չի իրականացվում։
Նա նաև նշեց, որ Արցախից եկած քաղաքացիներ կային, ովքեր սկզբնական շրջանում ժամանակավոր բնակություն էին հաստատել գյուղական համայնքներում, գրեթե 60-70 տոկոսը Շիրակի մարզից գնացել է։
«Այս ամենը հենց խոսում է աղքատության և աղքատության հաղթահարման որևէ ծրագիր չիրականացնելու, գյուղատնտեսության բացիթողի վիճակի մասին»,- ասաց «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։
Ի դեպ, հիշեցնենք, որ փետրվարի 10-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկմանը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, հայտարարվել էր, որ 2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք), նվազման միտումը պայմանավորված է նաև ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ։
Լուսանկարները՝ «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- 18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը. Փաշինյան
- 2023 թ. գրանցված աշխատողների թիվն ռեկորդային աճում է, բայց 2018 թ.-ի համեմատ ունենք աղքատության ցուցանիշի աճ. Թադևոս Ավետիսյան
- Դժվար է մի բան հասկանալ՝ ինչ են ուզում «Շիրակ կենտրոնից» և ինձանից․ Վահան Թումասյան
- Շիրակում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը
- Վահան Թումասյան. Ահա թե դոմիկներում ինչ են կուտակել ձմռանը դիմակայելու համար
- Վահան Թումասյան. Շիրակում շատ ընտանիքներ նստած են պաղ վառարանի կողքին
- ՀԲ. Համավարակով պայմանավորված Հայաստանում աղքատությունը կբարձրանա 4․8%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան