Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար. Չեմպիոններ վերադարձան Հայաստան
Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը, Հայաստանի հավաքականի մյուս անդամները գիշերը վերադարձել են Երևան։ Նրանց դիմավորելու էին գնացել երկրպագուները, ծնողներն ու հարազատները, ՀԱՕԿ ներկայացուցիչները։
«Ամեն չեմպիոնությունը կարևորում եմ, ամեն չեմպիոնություն իր տեղն ունի, ամեն չեմպիոնության համար համար տանջվել եմ, մարզվել եմ, աշխատել ենք, ամեն մեկն իր գինն ունի։
Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար։ Տարեց տարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին ասաց Օլիմպիական խաղերի ոսկե, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն ասաց, որ բարդ էր երրորդ անգամ ոսկե մեդալ նվաճելը. «Բոլորը պատրաստվում են քեզ դեմ։ Այս ոսկե մեդալն ավելի բարդ տրվեց՝ համեմատած մյուս եվրոպական առաջնությունների։
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն ինձ էլ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի վստահ առաջ շարժվեմ: Ամեն ինչ կանեմ, որ Փարիզի օլիմպիական խաղերից էլ վերադառնամ ոսկե մեդալով»։
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների առաջնությանը։
«Գնացել էինք հաղթելու համար, ցավոք սրտի, չստացվեց։ Բավարարվեցինք երրորդ մեդալով։ Լարվածություն այդքան չկար: Երևի փորձի պակասն էր, որ չհաղթեցի։
Մյուս անգամ կարդարացնենք բոլորի սպասելիքներն ու ոսկե մեդալով կվերադառնանք»,- ասաց Մ. Խաչատրյանը։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասաց, որ հավաքականից մշտապես լուրջ ակնկալիքներ են ունենում, մրցումները ցույց տվեցին, որ տղաներն ավելին կարող էին։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդ տեղում է:
Յոթերորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը։ Նա 97 կգ քաշայինների եզրափակիչում 6:3 հաշվով հաղթեց ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևին։
Երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը։ Նա 77 կգ քաշայինների եզրափակիչում 7:0 հաշվով հաղթեց թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին:
55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Մանվել Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյան. Մենք դեռ բազմաթիվ մեդալների ակնկալիք ունենք մեր մարզիկներից
- Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
- Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
- Մանվել Խաչատրյանը՝ Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Մալխաս Ամոյանը հաղթեց կիսաեզրափակիչում և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ․ Մալխաս Ամոյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խաչատրյանը հաղթել է Եվրոպայի չեմպիոն թուրք մարզիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան