«Երբ գողը տանից է լինում», Տավուշի «շնչահեղձ» լինող անտառները
2024թ․-ից Հայաստանում գործում է էկոպարեկային ծառայություն։ Օրենքը հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է։ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը հունվարին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց, որ գարնանը կսկսվեն դասընթացներ, որից հետո ծառայողները կկարողանան անցնել աշխատանքի։ Դեռ գարուն չէ, բայց ծառայողներն արդեն անցել են աշխատանքի։ Ինչի մասին պարբերապար լինում են հրապարակումներ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում։ Օրինակ՝ «էկոպարեկային ծառայությունը ․․․հայտնաբերել է մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ․․․»։
Էկոպարեկային ծառայության համակարգի ներդրման և անտառահտման ոլորտի խնդիրների մասին Panorama.am-ը զրուցել է բնապահպանության ոլորտի փորձագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի հետ։
«Ամենայն հավանականությամբ՝ սա կլինի հերթական սխալը։ Վաղն այս իշխանությունները չեն լինի, կգան այլոք և սա կվերացնեն, կստեղծեն մեկ այլ բան։ Այսինքն՝ մենք անընդհատ սխալվում ենք։ Ժամանակն ու միջոցները վատնում ենք։ Դրանք կանխակալ որոշումներ են՝ սուբյեկտիվ շահ սպասարկելու համար։ Մեծ գումարներ են ներդրվել ՝ 6-7 մլդ բյուջեով կառույց են ստեղծում, զենքով , ձեռնաշղթաներով և բավականին լայն լիրազորություններով և այլն։ Հիմա էլ նախարարության էջում նորություն են գցում,թե Աչաջուրում դեպք են բացահայտել , ածխահոր են գդել և այլն, դրա մասին ո՞վ չգիտեր։ Ես ավելին ասեմ՝ Աչաջուրի անտառապեն, ըստ օդում կախված լուրերի, շատ սերտ բարեկամական հարաբերություններ ունի ԱԺ որոշ առանցքային մարդկանց հետ, մարզպետի հետ և այնտեղ վերջին տարիներին շատ լուրջ հատումներ էին իրականացվում։ Աչաջուրի հատվածում, այդ տեղամասը «օկոն» են կոչում, պահաբաժինների հատվածը, այնտեղ ևս շատ լուրջ հատումներ են տեղի ունենում»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը լեռնային երկիր է, հետևապես քիչ ճանապարհներ կան հասանելի՝ ձորակներով և բարձր լեռներով անտառային տարածքների հետևանքով, այսինսնք՝ մի քանի մուտք ու ելքի հնարավորություններ կան և, ըստ մասնագետի, շատ հեշտությամբ հնարավոր է հսկողություն սահմանել։
«Ասացվածք կա՝ եթե գողը տանից է լինում, եզը երդիկից են հանում։ Խնդիրը հետևյալն է՝ եթե գիտենք ճանապարհը, բոլոր անտառտնտեսության ոլորտին առնչվող մարդիկ գիտեն, որ Տավուշի բարբառով ասեմ՝ մի խիլ, մի խոտի կտոր էլ եթե շարժվում է, ապա համապատասխան մարդիկ տեղյակ են։ Այսինքն՝ եթե կառույցի անուն ենք փոխում, կամ արտահագուստ, ինչ-որ բան ենք փոխում, ապա չարաչար սխալվում։ Առաջնային պետք է լինի քաղաքական կամք՝ ապօրինությունների դեմն առնելու։ Նույնը վերաբերում է Սևանի ձկնագողությանը։ Պետք է այլնըտրանք առաջարկել տեղի բնակչությանը և ինչ մոտեցումներ ենք ակնկալում։ Կարծում եմ՝ խրախուսման և պատիժների համապատասխան մեխանիզմներ գործի դնելով հնարավոր է հաջողության հասնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Այսեր Ղազարյանի խոսքով՝ կան ավելի խորքային խնդիրներ, որոնց ևս հարկ է ուշադրություն դարձնել, խոսքը՝ անտառային կատավարման պլանների մասին է։
«Ոչ մասնագիտական կառույցների կողմից գրվում են անտառային պլաններ և դրանք հաստատվում են։ Այնտեղ չկան իրական հավաստի տեղեկություն անտառների վերաբերյալ։ Մի կողմ դնենք այն հարցը,թե որքանով է «Հայանտառ»-ի ներուժը բավարարում ծրագրերն իրականացնելու համար։ Ընդամենը պետք է բացել «Հայանտառ»-ի կայքը, նայել կանոնադրությունն ու կարելի է հասկանալ, թե ինչով են զբաղված։ Զբաղված են՝ ոչնչով․․․»,- ասաց Ղազարյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։