Գեղարքունիքում հատկապես ավելացել են սպանության փորձերն ու սեռական անձեռնմխելիության հետ կապված հանցագործությունները
2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը՝ 2022 թվականի համեմատությամբ աճել է 320 դեպքով՝ կազմելով 1659 դեպք: Նման վիճակագրություն է ներկայացրել մարզի դատախազ Գագիկ Այվազյանը Գեղարքունիք այցելած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Աճ է արձանագրվել հիմնականում սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության, ՃԵԿ կանոններ խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունների դեպքերով:
Դատախազության փոխանցմամբ, նվազել են սպանության (առանց հանկարծամահության), հրազենի գործադրմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն և ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը:
2023 թվականի ընթացքում մարզում արձանագրված հանցագործությունների 1659 դեպքից բացահայտվել է 619-ը կամ 37,3 տոկոսը:
2023 թվականի ընթացքում հսկող դատախազներն իրենց նախաձեռնությամբ կայացրել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 72 որոշում (2022 թվականին՝ 5):
Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում դատարան է ուղարկվել 420 քրեական գործ՝ 470 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 140 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ):
2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 7 ուսումնասիրություն: Հայցերից մեկը, որով մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 327,5 մլն դրամ, գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Ամփոփելով քննարկումը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները, խոցելի վիճակում հայտնված անձանց՝ մասնավորապես՝ անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթները, բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը և այլն: