Վարդապետյանը հանդիպել է իրեն նամակ գրած տղային
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, որը անցած տարի դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին:
Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ եմ դիտել ու շատ կցանկանայի հանդիպել ձեզ հետ, գոնե 10 րոպե զրուցել, հավատացեք դա ինձ շատ բան կտա»։
Պատասխան նամակում Աննա Վարդապետյանն Արսեն Գասպարյանին խոստացել էր, որ իրենք անպայման կհանդիպեն:
Օգտվելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով մարզում գտնվելու առիթից՝ Աննա Վարդապետյանն այցելել է նամակի հեղինակին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Արսեն Գասպարյանը զրուցել են, քննարկել ապագա մասնագիտության ընտրության հետ կապված հարցերը, որից հետո Արսենն առաջարկել է այցելել և տեսնել իր դպրոցի և բնակավայրի գրադարանները:
Աննա Վարդապետյանը և Արսեն Գասպարյանը միասին այցելել են Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, հանդիպել Արսենի դասընկերներին, դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, այդ թվում՝ Արսենի սիրելի դասղեկին և «Պատմություն» առարկայի ուսուցչին: