Արամ Խաչատրյանի տուն-թանգարան. Գրքի տոնին նվիրում ենք «ԳԻՐՔ» և ոչ միայն…
Գրքի տոնին ընդառաջ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նվիրում է Արամ Խաչատրյան արվեստագետ-քաղաքացուն ճանաչելու ևս մեկ հնարավորություն՝ «Նամականի»:
Տուն-թանգարանից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրը, մեր բոլոր այցելուներին սպասվում են անակնկալներ.
«Սիրելի՜ խաչատրյանասեր,
…Արի՛ թանգարան, պատասխանի՛ր հարցերին, ստացի՛ր քո նվեր-գիրքը:
Թանգարանի առաջին հինգ այցելուները կունենան նաև անվճար այցելության հնարավորություն»։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նվիրում է՝
Արամ Խաչատրյան
Նամակներ (1928-1978թթ.), հայերեն և ռուսերեն
Այս հրատարակությունը Արամ Խաչատրյանի նամակների առաջին ազատ հրատարակումն է: Լույս է տեսել 1983 թվականին:
Արամ Խաչատրյանին առաջին հերթին ճանաչում ենք որպես մեծ արվեստագետի, որպես հռչակավոր «Սուսերով պար»-ի և «Դիմակահանդես»-ի, «Գայանե» և «Սպարտակ» բալետների հեղինակի, ճանաչում ենք իր Սիմֆոնիաներով, Կոնցերտներով, կինոերաժշտությամբ: Սակայն շատերին է հետաքրքիր, թե նա ինչպիսի հայր էր, ամուսին, ընկեր և բարեկամ, ինչպիսի հետաքրքրություններ ուներ, գեղարվեստական սկզբունքներ, բնավորության գծեր:
Ի՞նչը, եթե ոչ անկեղծ սրտով գրված նամակները կարող են բացահայտել մարդու ներաշխարհի նրբերանգները, հետաքրքրությունները, գեղարվեստական սկզբունքներն ու ձգտումները: Ինքը՝ կոմպոզիտորը, առանձնակի նշանակություն էր տալիս նամակներին և յուրօրինակ խորհուրդ էր տեսնում դրանց մեջ: Խաչատրյանը կարծում էր, որ մեծ արվեստագետների նամակագրությունը կարող է հետագայում ճանաչողական մեծ արժեք ունենալ: Ըստ նրա՝ նամակներում հնարավոր է արտահայտել այնպիսի մտքեր, որոնք չեն ասվի հանպատրաստից և առերես: Նամակները կարող են դառնալ նույնիսկ պատմական փաստաթղթեր: Խաչատրյանը վստահ էր, որ իրենից հետո կհրապարակվեն իր նամակներն ու կներկայացվեն հանրությանը:
Խոսում են նամակները
Ասատուր Գյուզելյան, հուշ-նամականի
Լույս է տեսել 2021 թվականին Երևանում:
Նամակագիրները թե՛ համաշխարհային, և թե՛ հայաստանյան իրականության մեջ գիտության, արվեստի ու այլ ոլորտների ճանաչում ունեցող անհատներն են, որոնց հետ առնչվել է հեղինակը:
Սերտ էին Արամ Խաչատրյանի կապերը լոնդոնաբնակ հասարակական գործիչ, հրապարակախոս, մեծ բարերար Ասատուր Գյուզելյանի և նրա ընտանիքի հետ: «Սիրելի և անմոռանալի Ասատուր». միշտ այսպես էր սկսում իր նամակները՝ ուղղված Գյուզելյանին, ով հետագայում դարձավ տուն–թանգարանի մեծ բարեկամը: Միշտ լինելով Մաեստրոյի կողքին նրա լոնդոնյան ուղևորության ժամանակ` նա ականատեսն է եղել տարբեր հետաքրքիր իրադարձությունների, որոնց մասին պատմում է իր ժողովածուում:
Արամ Խաչատրյան
Պատկերագիրք, Տիգրան Ժամկոչյան
Լույս է տեսել 1984 թվականին ԱՄՆ-ում: Էքսկլյուզիվ հրատարակություն է:
Պատկերագրքում ներառված են Արամ Խաչատրյանի քիչ տարածում ունեցող լուսանկարներ ընտանեկան արխիվից, հանդիպումներից աշխարհահռչակ երաժիշտների, հասարակական-քաղաքական գործիչների և արվեստագետների հետ:
Երաժիշտ, մանկավարժ Տիգրան Ժամկոչյանը Ամերիկյան համալսարանների պրոֆեսորների ասոցիացիայի անդամ էր, ով կրթություն էր ստացել Վենետիկի կոնսերվատորիայում: Այդ տարիներին նա Վաշինգտոնում ամերիկահայ բարեկամության հիմնադրամի տնօրեն էր, Ֆուլբրայթի ավագ գիտաշխատող:
Գիրքը միտք է ու հոգի: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: