Պահիք շրջանում կարելի՞ է օգտագործել ծխախոտ, ալկոհոլ, այցելել զվարճանքի վայրեր
փետրվարի 12-ից սկսվել է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ս. Հարության տոնն այս տարի կնշվի մարտի 31-ին։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը:
Qahana.am կայքում ներկայացված է Մեծ պահքի հետ կապված հինգ հարց ու դրանց պատասխանները.
-Եթե սկզբից չենք պահել Պահքը, կարո՞ղ ենք այն պահել ընթացքում. եթե խախտել ենք կարգը, կարո՞ղ ենք շարունակել պահեցողությունը
Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Ցանկացած ժամանակահատվածից կարելի է պահքի մեջ մտնել, եթե ինչ-որ պատճառով չի ստացվել պահեցողության առաջին օրվանից այն պահել: Պահքը խախտելու դեպքում՝ չիմացության կամ այլ հանգամանքներով պայմանավորված, կարելի է զղջալ ու շարունակել պահեցողությունը, բայց լինել ավելի ուշադիր: Կարևոր է անկեղծ լինել, որպեսզի որևէ բան չլինի ձևական:
-Կարելի՞ է օգտագործել մեղր
Մեծ Պահքի ընթացքում կարելի է մեղր ճաշակել, քանի որ այն բուսական ծագման սննդամթերք է:
-Կարելի՞ է օգտագործել ծխախոտ, ալկոհոլ, այցելել զվարճանքի վայրեր
Պահոց շրջանը մարմնական զսպվածության, աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու ու աղոթքի միջոցով Աստծուն մոտենալու հնարավորություն է:
Մեծ Պահքի ընթացքում պետք է հեռու մնալ մոլություններից՝ ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ: Ցանկալի չէ օգտագործել անգամ ոգելից խմիչք, քանի որ այն թմրեցնող է, իսկ Քրիստոս Ավետարանում ասում է.
«Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթ. 26.41):
Պետք է խուսափել նաև զվարճանքի վայրեր այցելելուց, զուսպ լինել: Պահքի ամբողջ նպատակն ու իմաստն ապաշխարությամբ ու զղջմամբ մեր անձը պատրաստելն է Սուրբ Հաղորդություն ստանալուն: Պետք է զսպել մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի՝ նաև հոգևոր էակ է, և հոգևոր կյանքն ավելի կարևորություն ստանա:
-Կարելի՞ է հայհոյել, կռվել, վիճաբանել
Մեծ Պահքը հոգևոր մաքրագործման ճանապարհն է: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Պետք է մաքրել մտքերը, հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանն ու պղծում են մարդուն։ Պետք է հրաժարվել վիճաբանություններից, կռիվներից, որոնք խանգարում են մեր ու մեր շուրջ եղողների խաղաղությունը: Դրա փոխարեն պետք է բարիք գործել, դիմացինին օգնել: Զղջումը, աղոթքն ու ապաշխարությունը պետք է ուղեկցեն մեզ ողջ Պահքի շրջանում։
-Կարելի՞ է օգտագործել դեղամիջոցներ
Հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյո՞ք կարող են Մեծ Պահքի ընթացքում օգտագործել դեղամիջոցներ, որոնք պատրաստված են կենդանական ծագման յուղերից՝ օրինակ՝ ձկան յուղից: Դեղորայք օգտագործելու արգելք չկա, անկախ նրանից, թե ինչ բաղադրություն ունի: Եթե վտանգված է առողջությունը, ապա պետք է օգտագործել դեղամիջոցը:
-Կարելի՞ է մկտրվել
Մկրտության համար տարվա ընթացքում ոչ մի արգելված օր չկա: Մեծ Պահքի ժամանակ սովորաբար չի կատարվում պսակադրություն, սակայն հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը՝ եկեղեցին ընդառաջում է ու կատարում է պսակը՝ նախընտրելով օրհնել զույգերին ու բացառել առանց օրհնության ընտանիք կազմելու հանգամանքը:
Արգելքներից զատ պետք է հիշել Մեծ Պահքի գլխավոր նպատակը՝ վերադառնալ դեպի Աստված, հայացքով դառնալ դեպի Տերը:
Հարակից հրապարակումներ`
- Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու, քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան
- Երջանկությունը ոչ թե մեր սեփական ցանկություններին տուրք տալն է, այլ երբեմն զերծ մնալու այդ ցանկություններից. Արշակ Սրբազան
- Սկսվում է Մեծ պահքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան