Փաշինյանը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներն ու կարիքները
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում` երկարաժամկետ հատվածով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է բռնի տեղահանված փախստականների հիմնական խնդիրներն ու կարիքները:
Այս համատեքստում, մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից անհրաժեշտ օժանդակության, համապատասխան ծրագրերի իրականացման քայլերի ու հնարավորությունների վերաբերյալ:
Կառավարությունից հայտնում են նաև, որ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և կազմակերպության միջև համագործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր: