«Հրապարակ». ՔՊ-ն ո՞ր միությանն է անդամության հայտ ներկայացնելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դառնա եվրոպական կուսակցական որևէ ընտանիքի, միության անդամ, ինչպես, ասենք՝ ՀՀԿ-ն ու «Ժառանգությունը» Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ են, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության և այլն։
Նախօրեին կուսակտիվի հետ Փաշինյանը քննարկել է այդ հարցը, առաջարկել ՔՊ-ականներին կարծիքներ հայտնել, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին են համապատասխանում ՔՊ գաղափարախոսական ուղղությունները, որին կարելի է դիմել։
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել եվրոպական կուսակցական միությունների վերաբերյալ զեկույցով, մանրակրկիտ ներկայացրել տարբեր միությունների սկզբունքներն ու ուղղությունները, սակայն հավաքին մասնակից ՔՊ-ականների մոտ գերիշխել է այն կարծիքը, որ ՔՊ գաղափարական հենքը հստակ չի համապատասխանում որևէ ընտանիքի գաղափարներին:
Այսպես ասած` միքս է, ուստի դեռևս որոշում չեն ընդունել, և առաջիկայում հարցի քննարկումը կշարունակվի, որ հասկանան, թե ՔՊ-ն որ միությանն է անդամության հայտ ներկայացնելու։ ՔՊ-ում, փաստորեն, իշխանության վեցերորդ տարում որոշել են, որ թեպետ լինելով աշխարհի «ամենաժողովրդական» ուժը, այդուհանդերձ, չի կարելի արտաքին աշխարհից մեկուսացած գործել, և ժամանակն է երկնքից իջնել ու համագործակցել եվրոպական այլ կուսակցությունների հետ նույնպես։ Բայց «իզմ»-եր չունեցող կուսակցության համար բարդ է նման հարթակ գտնելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։