Ջութակահար Գագիկ Սմբատյանի 75-ամյակին նվիրված հիշում ու պատմում են ընկերները
Այսօր լրանում է անվանի ջութակահար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Սմբատյանի 75-ամյակը։ Ցավոք, այսօր Գագիկ Սմբատյանը չի կարող լսել իրեն ուղղված բարեմաղթանքներն ու գովեստի խոսքերը, որոնց, իրոք, արժանի է...
Գագիկ Սմբատյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 18-ին Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը (դասատու՝ Գ. Հարությունյան), 1968 թվականին՝ Ռ. Մելիքյանի անվան երաժշտ. ուսումնարանը։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1974 թվականին (ղեկավար՝ Հենրիկ Սմբատյան)։ 1978 թվականին ավարել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.՝ Հ. Սմբատյան)։ Մոսկվայում ուսանելու տարիներին սովորել է աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարանում:
1974-1976 թվականներին դասավանդել է Ա. Սպենդիարյանի երաժշտական դպրոցում և Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1976-1980 թվականներինին՝ Սենեգալի ազգային կոնսերվատորիայում, 1980 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1994 թվականից՝ պրոֆեսոր, 1997 թվականից՝ ամբիոնի վարիչ) և Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
Համերգներով շրջագայել է Ուկրաինայում, Վրաստանում, Հունաստանում, Սենեգալում, Գամբիայում և այլուր։ Ա. Սաթյանի, Ռ. Սարգսյանի, Վ. Բաբայանի, Հ. Մելիքյանի, Ա. Յոլչյանի, Հարություն Դելլալյանի և ուրիշների ջութակի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է։
1972 թվականին արժանացել է «Երիտասարդ կատարողների IV Անդրկովկաս» մրցույթի 1-ին մրցանակին (Բաքու), նույն թվականին՝ Երիտասարդ ջութակահարների համամիութենական մրցույթի Հատուկ պատվոգրին (Երևան)։
Գագիկ Սմբատյանը մահացել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
Նրա մահվանից անմիջապես հետո՝ նոյեմբերի 27-ին, կոմպոզիտոր Միխաիլ Կոկժաևը գրել է Գագիկ Սմբատյանի հիշատակին ստեղծագործություն-նվիրում, բառկառոլա ջութակի և դաշնամուրի համար, որը կոչվում է՝ «Прощальная Баркарола,Светлой памяти друга - Гагика Смбатяна»։
Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի գրադարանը Գ. Սմբատյանի մահից հետո կրում է նրա անունը։
Այսօր նրա ընկերները, գործընկերները դժվարությամբ են խոսում Գագիկ Սմբատյանի մասին անցյալով, չեն ուզում ընդունել, որ Գագիկն այսօր իրենց հետ չէ։ Չէ՞ որ նա դեռ շատ ասելիք ու անելիք ուներ իր մանկավարժական գործունեությամբ և իր կատարողական արվեստով էլ ավելի զարգացնելու հայ ջութակի դպրոցը։ Բայց նաև վստահ են, որ Գագիկի կատարումները չեն դադարելու, դրանք հնչելու են տասնամյակներ իր բազում սաների ջութակների միջոցով։
Panorama.am-ը Գագիկ Սմբատյանի 75-ամյակի առիթով տեսանյութ է պատրաստել, որտեղ նրա մասին պատմում են, հուշերով կիսվում Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը, կիթառահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Հարությունյանը, կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևը, երաժիշտ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան