Անդրանիկ Դովլաթյանի կողմից հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ 2024 թվականի փետրվարի 5-ին և 6-ին «Facebook» սոցիալական ցանցում Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով 2024թ. փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Նույն քրեական վարույթով ստեղծվել է քննչական խումբ:
Տեղեկացնում եմ նաև, որ քննչական խմբի ղեկավարին եմ փոխանցել 418 քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք նույնպես միացել են 23 փաստաբանի հաղորդմանը»:
Ավելի վաղ նա հայտնել էր.
«2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել է հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ:
Նշված անձը կոչ է արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:
Անդրանիկ Դովլաթյանի վերը նշված արարքը հասարակության մեջ լուրջ դժգոհություն է առաջացրել և բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարել են 2024թ. փետրվարի 24-ին Էջմիածին մեկնելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու մասին:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անդրանիկ Դովլաթյանի նշված արարքները պարունակում են առնվազն երկու հանցագործության հատկանիշներ, այսօր քսանից ավելի փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները հոգևոր հայրերի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
- Արա Զոհրաբյան. Առաջարկվող նախագծի նպատակն է լրացուցիչ հարկեր հավաքել նաև փաստաբաններից
- «Ժամանակ». Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետևում բարձրաստիճան հոգևորականներ են կանգնած