Հայկական Կարմիր խաչի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ ներկայացնելով, թե ինչպես է Աննա Եղիազարյանն ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ։
Դրա համաձայն.
«Փետրվարի 15-ին Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) 28-րդ արտահերթ համագումարը։ Այն հրավիրվել էր ՀԿԽԸ կանոնադրության 7․2 կետի «ա» ենթակետի համաձայն, ըստ որի՝ Արտահերթ համագումար կարող է հրավիրվել ՀԿԽԸ անդամների մեկ երրորդի (1/3-ի) պատճառաբանված պահանջով, ոչ ուշ քան 14 օրացուցային օրվա ընթացքում։
Պատճառաբանված պահանջը ՀԿԽԸ նախագահության կողմից՝ կանոնադրության խախտումներով ՀԿԽԸ նախագահի պաշտոնակատարի պաշտոնում նախագահի ժամկետը լրացած Մխիթար Մնացականյանին նշանակելն էր և համագումարի 68 պատվիրակներից 59-ի՝ հերթական համագումար հրավիրելու պահանջը անտեսելը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ արտահերթ համագումարին մասնակցեցին․
7 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ - Արարատի մարզային մասնաճյուղից
5 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ - Արագածոտնի մարզային մասնաճյուղից
2 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Տավուշի մարզային մասնաճյուղից
2 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Ստեփանավանի տարածքային մասնաճյուղից
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Լոռու մարզային մասնաճյուղից
3 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Շիրակի մարզային մասնաճյուղի
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Կոտայքի մարզային մասնաճյուղից
1 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Երևանի մարզային մասնաճյուղից
6 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Սյունիքի մարզային մասնաճյուղից
5 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Վայոց ձորի մարզային մասնաճյուղից
3 պատվիրակ՝ ընտրելու իրավունք ունեցող անձ – Արմավիրի մարզային մասնաճյուղից։
Ընդհանուր առմամբ, 68 պատվիրակներից և Նախագահության անդամներից համագումարին մասնակցեց` 46-ը, ինչը նշանակում է, որ համագումարի քվորումը և նախագահի ընտրության օրինականությունն ապահովված էր։
Համագումարի մինչ այդ ձևավորված օրակարգում տեղում կատարվեց փոփոխություն, և համագումարը բացառիկ իրավունքով վաղաժամ դադարեցրեց ՀԿԽԸ Նախագահության լիազորությունները, ինչպես նաև դադարեցվեց գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին անդամությունից զրկելու որոշումը։
Բացման խոսքում ՀԿԽԸ Աղետների կառավարման բաժնի ղեկավար Լուսինե Քոչարյանն ասաց.
- Փետրվարի 7-ին, ՀԿԽԸ կանոնադրության 7.2 կետի համաձայն՝ իրենց ձայնը վերջապես լսելի դարձնելու և օրինականությունը վերականգնելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահության թիվ 133/1 որոշման 2-րդ կետի ժամանակահատվածին համապատասխան՝ ՀԿԽԸ անդամների 1/3-ը, սահմանված կարգով դիմեցին ՀԿԽԸ նախագահությանը՝ պահանջելով արտահերթ համագումար։
Դրան ի պատասխան՝ ս.թ. փետրվարի 8-ին, ՀԿԽԸ նախագահությունը այս պահանջին անդրադառնալու փոխարեն, գումարեց նիստ, որտեղ ընդունվեց օրենսդրությանը հակասող որոշում՝ աշխատանքից ազատելով ՀԿԽԸ գլխավոր քարտուղարին։ Որից հետո նպատակային վախի մթնոլորտ ստեղծելու համար Կարմիր խաչի նման մարդասիրական կառույցի հետ ոչ մի առնչություն չունեցող, տվյալ ոլորտում փորձ և հմտություններ չունեցող ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի նախկին պետ Արթուր Արիստակեսյանը նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար։ Ով, չսպասելով օրինական նշանակման, գրանցման և այլ ընթացակարգերի, չգիտակցելով մարդասիրական կառույցի մթնոլորտն ու մշակույթը, անմիջապես սկսեց կոպիտ և ագրեսիվ ձևով ահաբեկել աշխատակցիներին՝ ստիպելով հանձնել կազմակերպության կնիքը, պաշտոնական էլ․ փոստի տվյալները, իրեն չենթարկվողներին սպառնալով քրեական պատասխանատվությամբ և այլն։ Սրանով անօրինականությունները չավարտվեցին, ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի թոռը նշանակվեց գլխավոր քարտուղարի տեղակալ, որի անունից սկսեցին ստացվել հանձնարարականներ։
Ստացվում է, որ ՀԿԽԸ-ի բարձրագույն մարմնում աշխատել է պապը Մխիթար Մնացականյանը՝ որպես նախագահ, Մխիթար Մնացականյանի քրոջ որդին՝ Սանասար Հակոբյանը՝ Նախագահության անդամ է, տղան Ալեքսանդր Մնացականյանը ՀԿԽԸ վերականգնողական կենտրոնի «Գրացիա» ՍՊԸ-ի տնօրեն է, թոռը, որը նախկին դատավոր Ռուբեն Ներսիսյանի տղան է՝ Դավիթ Ներսիսյանը, նշանակվել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահը Մակիչ Մնացականյանը` Մխիթար Մնացականյանի եղբայրն է, իսկ տնօրենը՝ եղբոր կինը։ Այնումենայնիվ, ի պատիվ մեր Կարմիր խաչի շարժման սկզբունքների՝ ՀԿԽԸ անդամների նվիրվածության, կազմակերպության և նրա շահառուների շահը ամեն ինչից վեր դասելու շնորհիվ, համագումարը կայացավ։
Պետք է նշել, որ Համագումարին ներկա չեն եղել միայն ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի պատվիրակները, քանի որ մասնաճյուղի նախագահը Մխիթար Մնացականյանի եղբայրը Մակիչ Մնացականյանն է։
Սյունիքի մարզային մասնաճյուղի պատվիրակ, Գորիսի համայնքային մասնաճյուղի համակարգող Սաթինե Բաբալարյանն իր ելույթում նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Սյունիքի մարզային մասնաճյուղն իր ուսերի վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկող մեր հայրենակիցներին ընդունելու ամբողջ ծանրությունը, ոչ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, և ոչ էլ նախագահության որևէ անդամ չայցելեցին մարզ, չհանդիպեցին անձնակազմին ու կամավորներին, և մինչ այդ էլ նրանց երբեք Սյունիքի մարզում ոչ ոք չի տեսել։
ՀԿԽԸ մեկ այլ աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը ևս շեշտեց.
- Ոչ մենք, ոչ էլ կամավորները, չենք տեսել ու չենք ճանաչում նախագահության ոչ մի անդամի, երբեք չենք տեսել նրանց։
ՀԿԽԸ Կոտայքի մարզային մասնաճյուղի տնօրեն, պատվիրակ Հրանուշ Աբրահամյանն իր ելույթում ասաց.
- Այսքան տարիների ջանքների և դրանց արդյունքում հասած հաջողությունների վարկաբեկումը նախագահության կողմից ընդունված անօրինական որոշումներով, պատվիրակների պահանջի մերժումը, համագումարի՝ որպես բարձրագույն կառավարման մարմնի նկատմամբ անհարգալից վերաբերմունք համարում ենք անընդունելի։
ՀԿԽԸ նորընտիր նախագահ Աննա Եղիազարյանն իր ելույթում ասաց.
- Ոչ ոք իրավունք չունի անձնական բիզնեսի վերածել մի կառույց, որը մարդասիրության է ուղղված։ Ահավասիկ, դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Եվ կարևոր չէ, ով է առաջադրվել, ով կլիներ գլխավոր քարտուղարը, ով կառաջնորդի այս կազմակերպությունը, այսօր ի ցավ այս ամեն ինչի, ուժ եմ գտել իմ մեջ առաջնորդելու այս կազմակերպությունը։ Այսուհետ և այսօր ՀԿԽԸ-ն այնտեղ է, որտեղ դուք եք, սիրելի կամավորներ, հարգարժան պատվիրակներ, անդամներ, այստեղ է հավաքված ՀԿԽԸ-ն։
Հարկ է նշել, որ ՀԿԽԸ նախկին նախագահի և նախագահության անդամների անընդունելի քայլերի պատճառով՝ աշխատանքի հրաժարվել է ներկայանալ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ 9-ից 7 բաժինների ղեկավարները։ Բոլոր աշխատանքները կանգնեցված են, բացի «Տնային խնամքի» և «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի» ծառայություններից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական Կարմիր խաչի մոտ լարված իրավիճակ է
- «Փաստ». Կարմիր Խաչում փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»
- Աննա Եղիազարյանը չի ընտրվել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ․ պարզաբանում