ԱՆԻՖ-ում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերած չարաշահումներով քրեական վարույթ է նախաձեռնվել
Պետական հետաքրքրությունների ֆոնդում (ԱՆԻՖ-ում) ուսումնասիրությունների արդյունքում ՊՎԾ-ի հայտնաբերած չարաշահումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ է արել ԱՆԻՖ-ում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել։ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել էր, որ դրանք վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը։ Ըստ ուսումնասիրությունների՝ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավվել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվել։
Թե կոնկրետ որ ժամանակահատվածում են հայտնաբերվել խախտումները՝ պատկան մարմինները դեռևս չեն մանրամասնում։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է ՊՎԾ ուսումնասիրությունների հիման վրա, որ ժամանակահատվածում են թույլ տրվել ենթադրյալ չարաշահումները, արդյոք հարցաքննվել են ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանը, խորհրդի անդամները, այդ թվում՝ Անի Իսպիրյանը, Էդգար Մկրտչյանը, Արման Ադիլխանյանը, ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։
«ՀՀ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական վարույթով ներկա պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել. «Ազատություն»
- ԱՆԻՖ-ից չեն հերքում, որ «Ֆլայ Արնան»-ի տոմսերի վաճառքը դադարեցված է. Ո՞վ կործանեց ավիաընկերությունը
- «Փաստինֆո»-ն դատարանում հաղթել է ԱՆԻՖ-ին ու Ավինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան