Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին խոսել են ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորեցնում են միջազգային հանրությանը, ցավալի են»,-այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները։
Մեջբերելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից»՝ Հաջիզադեն ենթադրել է, թե այն միջնորդավորված խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պահանջները դեռ շարունակվում են, հետևաբար «Հայաստանի Սահմանադրությունից և օրենսդրական ակտերից պետք է հեռացնել այն դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հերքել է այն պնդումը, թե իր երկիրը չի կատարել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները։
Արձանագրենք, որ համաձայնագրի պայմանների չկատարման մեջ մեղադրանքներ է հնչում մի երկրից, որի բանտերում դեռ պահվում են հայ ռազմագերիներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մի քանի ռազմական ագրեսիաներ է իրականացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հանդեպ, արդյունքում արցախցիները բռնագաղթեցին իրենք հազարմյա բնօրրանից, իսկ Հայաստանի սահմանամերձ տարածքները օկուպացվեց ադրբեջանական զինուժի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի մասնակցությամբ կկազմակերպվի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա ուղղությունների շուրջ քննարկում
- Ո՞վ ուզի՝ կարա գնա, ասի ես սահման եմ պահում. Հարց Փաշինյանին
- Հիմա պնդում եմ՝ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվում. Գերմանաբնակ հայը՝ Փաշինյանին