Կլիմայի փոփոխությունն ընդլայնում է մորեխների բռնկումները
«Կլիմայի տաքացման պատճառով մորեխների տարածման արեալները կարող են աճել մինչև 25%-ով, այս միջատների ներխուժումը կարող է հանգեցնել անբերրիության և վտանգ ներկայացնել համաշխարհային պարենային անվտանգությանը»,-ահազանգում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով, հետազոտությունն իրականացրած սինգապուրցի և չինացի գիտնականները նշում են, որ անապատային մորեխների ներխուժումը նպաստում է սովի առաջացմանը և սպառնում սննդի անվտանգությանը: Վնասատուների ակտիվությունից հատկապես տուժում են Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Հարավային Ասիան։ Մորեխների պարսը կարող է զբաղեցնել 1 կմ2 տարածք և դա մոտ 80 միլիոն առանձնյակ է։ Մեկ օրում նրանք կարող են ուտել այնքան պարենային բերք, որ բավարար է 35 հազար մարդու կերակրելու համար:
«2019–2020 թվականներին Արևելյան Աֆրիկայի երկրներում բռնկվեց «մորեխների ճգնաժամ»՝ ամենամասշտաբային վերջին 25 տարում։
.Գիտնականները նշում են, որ մորեխների մեծ պարսերը գաղթում են մի քանի երկրների տարածքով և «գրեթե միաժամանակ գրավում» Եմենը, Սոմալին, Եթովպիան և Հնդկաստանը։ Մորեխների այսպիսի լայնածավալ բռնկումները «սրում են պարենային ճգնաժամը» և ծանրաբեռնվածություն առաջացնում մորեխների դեմ պայքարող կազմակերպությունների վրա։ Մորեխները սպառնում են նաև աշխարհի անապատային տարածքների բուսաբուծությանը և սննդի անվտանգությանը:
.Հետազոտողները հայտնաբերել են 10 երկիր՝ «թեժ կետեր», որոնց միաժամանակ կսպառնա մորեխների ներխուժումը։ Խոսքը միմյանց հետ ոչ հարևան երկրների մասին է, օրինակ՝ Մարոկկոն, Հնդկաստանն ու Ալժիրը կամ Պակիստանն ու Սաուդյան Արաբիան։
.Քանի որ Աֆրիկան և Հարավային Ասիան աշխարհի կարևոր ամբարներն են, մորեխների ճգնաժամերի միաժամանակյա առաջացումը կարող է հանգեցնել լուրջ անբերրիության՝ սպառնալով համաշխարհային պարենային անվտանգությանը: Մի քանի վայրերում կամ տարածաշրջաններում համակցված ռիսկի բացահայտումը կարող է օգնել հասկանալ նրանց փոխհարաբերությունները և նվազեցնել մորեխների բռնկումներին արձագանքելու ժամանակը:
.Հետազոտողների կարծիքով՝ հորդառատ տեղումները և քամու արագությունը կարելի է համարել «ամենակարևոր փոփոխականներից», երբ խոսքը վերաբերում է դրանց բնակեցման արեալների տարածմանը: Այս գործոնների ժամանակավոր աճը կարող է հանգեցնել «մորեխների տարածական համաժամանակացման»: Բացի այդ, մորեխներիի ակտիվության համաժամանակացման վրա ազդում են ժամանակավոր կլիմայական փոփոխությունները, օրինակ՝ Էլ Նինյո կլիմայական ֆենոմենը։
.Գիտնականները նշում են, որ «մորեխների բնակման օջախները» Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Աֆրիկայի եղջյուրում, Մերձավոր Արևելքում և Հնդկաստան-Պակիստանում կմնան «բարձր ռիսկի տակ 2065-2100 թվականներին», նույնիսկ եթե մարդկությունը որոշի զգալիորեն նվազեցնել ածխածնի արտանետումները:
.Կլիմայի տաքացումը, հավանաբար, ավելի կընդլայնի մորեխների գոյություն ունեցող բնակավայրերը 13-25%-ով: Սպասվում է, որ մորեխների նոր օջախներ կհայտնվեն Կենտրոնական Ասիայի արեւմուտքում»,-գրել է նա։