Կյանքից հետացել է ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը
Մահացել է ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանը։ Լուրը հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Ռոժե Կասպարյանը ֆրանսիական հասարակությանը լայն հայտնի էր հատկապես 60-ական թվականների ինչպես ֆրանսիացի, այնպես էլ անգլոսաքսոն աշխարհահռչակ աստղերի իր լուսանկարներով, որոնց համար արժանացել էր «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին։ Նրա օբյեկտիվում հավերժացել են Բիթլզը, Ռոլինգ Սթոունզը, Շառլ Ազնավուրը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելը, Սերժ Գենսբուրգը, Ջոնի Հոլիդեյը, Սիլվի Վարդանը և այլք։
Հպարտ իր հայկական ծագմամբ՝ Ռոժե Կասպարյանի օբյեկտիվում մշտապես կենտրոնական տեղ են զբաղեցրել Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Նա իր կյանքի ընթացքում վավերագրել է Ֆրանսիայի հայ համայնքի պատմության հայուրավոր դրվագներ, եղել Ֆրանսիայում հայկական բոլոր կարևոր իրադարձությունների անբաժան մասնակիցն ու յուրօրինակ տարեգիրը։
Նա առանձնահատուկ զգայունություն ուներ Հայաստանի և Արցախի հանդեպ։ 2020 թվականի պատերազմից հետո դստեր՝ Լիդիա Կասպարյանի հետ միասին գտնվել է Լեռնային Ղարաբաղում՝ վավերագրելով ինչպես հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությունը, այնպես էլ՝ մարդկանց կյանքն ու ապրումները՝ հայ ժողովրդի համար այդ ծանր փուլում։ Այս լուսանկարներն իրենց ուրույն տեղն են գտել բազմաթիվ ցուցադրությունների շրջանակներում։ Նրա և դստեր Լիդիա Կասպարյանի վերջին՝ «Չքնաղ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը բացվել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ փետրվարի 1-ին, Լիլ քաղաքում՝ Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նստավայրում՝ Ռեգիոնի նախագահ Քսավիե Բերտրանի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի կողմից։ Այն շարունակվելու է մինչև փետրվարի 29-ը։
Ռոժե Կասպարյանը՝ դստեր հետ միասին, վերջին տարիներին փորձում էր նաև իր լուսանկարներով վավերագրել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքն, առօրյան, պատմամշակութային ժառանգությունը։ Այդ նախաձեռնության շրջանակում վերջին օրերին անխոնջ արվեստագետը Ախալքալակում էր, որը և դարձավ նրա գործունեության վերջին հանգրվանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին