«Թող գրեն, վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տենալու». Ակցիայի մասնակից
Արցախի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորածների, զոհվածների հարազատներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին։ Նրանք խնդրում են հանդիպում կառավարության ղեկավարի հետ։
«2020-ից ի վեր 700 զոհվածի արցախցի ընտանիք ունենք։ Ունենք 23 անհետ կորածի ընտանիք։ Մենք առաջարկել ենք Փաշինյանին հանդիպում անհետ կորածների հարազատների, այրիների հետ, թիվը թողել ենք նրա հայեցողությանը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Արցախցի տղամարդն ասում է՝ խնդրել են քննարկել նաև տարբեր տարիներին պատերազմում անմահացածների շիրիմների տեղափոխումը կամ որևէ այլ տարբերակ, որ հնարավարություն ունենան այցելել նրանց շիրիմներին։
«Այս պարագայում էլ մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել, չենք ասել, չէ, պիտի բերենք։ Հասկանում ենք, բարդություններ կան, բայց պետք է գտնել տարբերակ»,-ասաց նա։
Արցախցիները ցանկանում են նաև կառավարությունում քննարկել իրենց տրամադրված կացարանների հարցը։
«Միքայելյան Վալերիի հարազատն եմ։ Ունի երեք տարեկան երեխա։ 200 հազար դրամ վարձով ապրում ենք Մասիվում, դրան գումարած կոմունալ ծախսերը։ Ո՞նց անենք»,-ասում է ակցիայի մասնակից մեկ այլ կին։
Հավաքի մասնակից տղամարդու խոսքով, կառավարություն հասցեագրված իրենց նամակներն անպատասխան են մնացել։
«Մեր կողմից նշված հարցերին ընդհանրապես անդրադարձ չի եղել։ «Թող գրեն, վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տենալու։ Թող գրեն...»՝ նման պատասխան։ Մեր նամակը վերահասցեագրել են սոցնախարարություն, այնտեղից էլ գրել են, որ ձեր երկու հարցերը մեր լիազորություններից դուրս են։ Ճիշտ են գրել»,-ասաց տղամարդն ու ընդգծեց, ոչ ցանկանում են շահարկել իրենց որդիների, ամուսինների անունները, ոչ էլ լաչառություն անել։
Նրա խոսքով, ունեն հուզող հարցեր, որոնց ակնկալում են հստակ պատասխաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան