Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, ով Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշել է վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնել կարդինալ Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը, ապա իր մտահոգություններն է ներկայացրել կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվել է Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին փոխանցել է իր եղբայրական բարեմաղթանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան