Կառուցապատող. Երևանում շենք ենք սարքում, ասում են՝ ջուրը Հրազդանից բերեք, գազը՝ Աբովյանից
«Իրավիճակն ահագնացող է։ Կադաստրի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակում ունենք բնակարանների վաճառքների անկում ավելի քան 20 տոկոսով»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով, ամենօրյա աշխատանքում էլ տեսնում են, որ վաճառքների նվազման միտումը շարունակվում է։
Կառուցապատողը նախ ուշադադրություն հրավիրեց հանրային ծառայություն մատուցող ընկերությունների առաջարկած պայմաններին, ասաց՝ Երևանում կառուցապատում են անում, իսկ ընկերությունն առաջարկում է ջրագիծ բերել Հրազդան քաղաքից, սա 60-70 կմ հանրապետական նշանակության ճանապարհի երկայնքով, հազարավոր հողերի միջով, բազմաթիվ խնդիրներով ջուր բերելու մասին է։
«Սա իրականում ոչ մի կառուցապատողի համար հաղթահարելի խնդիր չի։ Մյուս կարևոր էլեմենտը, ՀԷՑ-ի կողմից բաժանորդ դառնալու գումարը հնգապատիկ ավելացելն է։ Հաջորդ խնդիրը գազի բաժանորդ դառնալն է, առկա գազատարների հզորությունները, «Գազպրոմ»-ի խոսքով, չեն բավականացնում, և պետք է նոր գազատարներ կառուցվեն, որոնք կառուցվում են Երևանի ծայրամասերում։ Եթե Կենտրոնում շենք ես կառուցում, գազը պետք է բերես մոտավորապես Աբովյանից, Ջրբեժից»,-ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում թանկացել են բնակարանները, համեմատության համար նշեց, որ հարևան Վրաստանի մայրաքաղաքում բնակարանը մոտավորապես 60 տոկոսով ավելի էժան է, քան Երևանում։
«Երևանի համեմատ մոտ կես գին արժե Թբիլիսիում։ Սա որպեսզի պատկերացնեք, թե ինչ գնային տարբերություն կա Հայաստանում ու Վրաստանում։ Այս իրավիճակում մենք հստակ տենդենց ենք տեսնում վաճառքների նվազման»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Գրիգորյան. Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է նման ահռելի տուրքերով
- Արմեն Սաքապետոյան. Վճարների, տուրքերի ավելացումը, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից սակագնի բարձրացումը բերելու է բնակարանների 10-15 տոկոսով թանկացման