Հայաստանին պետք եղած չափով օգնելու Արևմուտքի պատրաստակամություն դեռ չենք տեսնում. Սերգեյ Մելքոնյան
«Չեմ կարծում, որ Ալեքսեյ Նավալնու մահը նոր փուլի կհանգեցնի Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը։
Նրա կարծիքով, Արևմուտքը հնարավոր է մարդու իրավունքների վերաբերյալ ինչ-որ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ ու դրանով սահմանափակվի։
«Լուրջ քննարկումներ տեղի չեն ունենում։ Բացի այդ, արդեն բոլորը համոզվեցին՝ այն պատժամիջոցները, որոնք ընդունվել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից, որպեսզի լուրջ հարված հասցնեին Ռուսաստանի տնտեսւթյանը, փաստացի իրենց նպատակին չհասան։ 2023 թվականին Ռուսաստանի տնտեսությունը աճեց»,-ասաց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Մյունխենում Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ հնչած հայտարարություններին, ապա փորձագետի խոսքով, միասնական, համընդհանուր մոտեցում չկար։
«Շատերն ընդունում են, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության մեջ մերծ ներդրում ունի ԱՄՆ-ն։ Ինչքանո՞վ ԱՄՆ-ն ունի քաղաքական կամք, ֆինանսական հնարավորություններ՝ աջակցելու Ուկրաինային, ԵՄ-ում իր դաշնակիցներին։ Մենք տեսանք, որ այն քաղաքական կամքը, որ կար 1.5 տարի առաջ, այսօր էլ չկա։ Նշանակում է, որ ԵՄ պետությունները պետք է հույսը դնեն իրենց վրա։ Այս առումով խնդիրներ են ծագում, ինչքանո՞վ է ԵՄ-ն պատրաստ միայնակ դիմադրել Ռուսաստանին։ Կարևոր է նաև այն հարցը, թե ԵՄ-ի կատարած ներդրումն ի՞նչ արդյունքների է բերել։ Այն մեծ ներդրումը, որ նրանք արեցին Ուկրաինայի հակագրոհի ժամանակ, ոչ մի արդյունք չունեցավ։ Հիմա ռուսական կողմն է գնացել հակագրոհի, և արդյունքներն արդեն տեսնում ենք»,-ասաց նա։
Մելքոնյանի խոսքով, այս պահին Ուկրաինան երկու տարբերակ ունի, կամ ինչ-որ ձև այս պահին պայմանավորվի Ռուսաստանի հետ, քանի որ վաղը պայմաններն ավելի վատը կարող են լինել կամ ավելի շատ ռեսուրսներ են հավաքվում ի նպաստ Ուկրաինայի, որպեսզի այն պաշտպանվելու շանս ունենա, և ինչպես ձևակերպում է Զելենսկին, հետ բերի 1991 թ. սահմանները։
«Այն, ինչի մասին փաստացի հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, խոսքը Ալմ-Աթիի հռչակագրի մասին է։ Փաշինյանի այս հայտարարությունն իհարկե բացասական հետևանքներ կունենա ռուս-հայկական հարաբերություններում։ Նման ձևակերպումները շատ զգայուն են Ռուսաստանի համար։ Այո, Ադրբեջանն էլ հայտարարություն արեց, ըստ որի, Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Բայց ձևակերպումը լրիվ ուրիշ էր, Ադրբեջանը չի ասում՝ Ռուսաստանի դաշնակիցն է կամ դաշնակիցը չի, քանի որ այստեղ կամ դաշնակից ես կամ թշնամի։ Խնդիրն այն է, որ հայտարարությունը կունենա բացասական հետևանքներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, բայց միաժամանակ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դրական զարգացման նոր փուլ չենք ստանում։ Ստացվում է, որ նման հայտարարություններն ունեն ակնհայտ բացասական հետևանք, բայց դրական հետևանքը դեռ պարզ չի։ Սա է խնդիրը, քանի որ այդ հայտարարության հիմնական թիրախը արևմտյան լսարանն էր, այո, այն այդ լսարանին դուր եկավ, բայց արդյոք արևմտյան լսարանը, հիմնվելով դրա վրա, պատրա՞ստ է աջակցել Հայաստանին այնքանով, ինչքանով մեզ պետք է։ Այդ պատրաստակամությունը դեռ մենք չենք տեսնում։ Ընդհակառակը, ԵՄ-ն շնորհավորում է Ալիևին, որ նա հաղթեց ընտրություններում»,-ասաց Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարկեդոնով՝ Մյունխենում Օլաֆ Շոլցի մոդերատորությամբ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին
- Պեսկով. Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի հարցում Հայաստանի դիրքորոշման հետ
- Նավալնիի մահվան համար ԵՄ-ն մեղադրում է Ռուսաստանի «ռեժիմին». Շառլ Միշել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան