Ակցիայի մասնակիցները խաղեր ու խաղալիքներ են բերել ԱԳՆ ղեկավարությանը
ՀՀԿ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրեցին ԱԳ նախարարության շենքի դիմաց։
«Այդ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Դուք քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք»,-հայտարարեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նա նշեց, ԱԳ նախարարության շենքում գտնվողների քաղաքականության հետևանքով է, որ Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվել է։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու Ադրբեջանում անազատության մեջ պահվող այլ անձանց լուսանկարները, որոնց վրա գրված է «Ալիևի բանտարկյալները»։
Հենրիխ Դանիելյանը ԱԳՆ ղեկավարությանը մեղադրեց նախարարության շենքը տուրիստական գործակալության վերածելու համար։
«Այն հարկերը, որ ՀՀ քաղաքացին վճարում է, որ այս շենքում նստածներն աշխատավարձ ստանան ու աշխատեն ի նպաստ Հայաստանի՞ ու Արցախի՞, թե՞ ի նպաստ Ադրբեջանի ու ադրբեջանցու։ Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջանն է»,-հայտարարեց ելույթ ունեցողը՝ ընդգծելով, որ նախարարության ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով ունենք խայտառակ իրավիճակ միջազգային բոլոր հարթակներում, անվտանգության առումով, սահմաններին։
«Մենք այստեղ ենք՝ ասելու, չենք լռելու, չենք համակերպվել ու չենք համակերպվելու»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցներն ասացին՝ այստեղ դատարկաձեռն չենք եկել։
«որպեսզի նրանց անգործությունը մի քիչ մեղմվի, բերել ենք նրանց համար տարբեր խաղեր՝ սեղանի խաղեր, դոմինո, թենիս և այլն»,-ասաց նրանցից մեկը։