Գուրգեն Գրիգորյան. Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է նման ահռելի տուրքերով
Կառուցապատողների համար տուրքերի, վճարների փոփոխությունների պատճառով առաջացած հետևանքների մեղման համար «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ դրանից միայն երկուսն է քաղաքապետարանն ընդունել։
Մեկը վերաբերում է 2024 թվականի համար՝ նախկինում տրամադրված շինարարության թույլտվությունների հնարավոր երկարաձգումների տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելուն, մյուսը՝ 2024 թվականի համար՝ տրամադրված ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելուն։ Առաջին դեպքում կիրառվել է 90 տոկոս արտոնություն, երկրորդ դեպքում՝ 100 տոկոս։
«Ուզում եմ հատուկ բարձրաձայնել, մեր կողմից իրականացվել է ուսումնասիրություն հետխորհրդային երկրների մայրաքաղաքների, խոշոր քաղաքների առումով։ Պարզել ենք, որ Երևանը միակն է, որ աչքի է ընկնում նման տուրքեր ու վճարներ սահմանելու հարցում։ Հետխորհրդային որևէ երկրի որևէ քաղաքում նման ահռելի տուրքեր և վճարներ չկան սահմանված։ Նշված քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճարեն կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ»,-ասաց նա։
Մյուս խնդիրը, որին անդրադարձավ իր խոսքում Գ. Գրիգորյանը, վերաբերում է գոտիավորմանը։
«Ինչպես նշեց պարոն Սաքապետոյանը, ավելի գրավիչ է շինարարության իրականացումը Կենտրոնում, քանի որ շահութաբերությունը բարձր է, իսկ այդ դեպքում տուրքի կշիռը այնքան էլ մեծ բեռ չէ կառուցապատողի համար, մինչդեռ
Երևանի ծայրամասերում կառուցապաում իրականացնելը դառնում է անհնարին, քանի որ այնտեղ իրականացվու է էկոնոմ դասի բնակարաշինարարություն, և տուրքի կշիռը էական է»,-մանարամասնեց ՀԿ նախագահը։
Ըստ կառուցապատողների, կա գոտի, որտեղ կառուցապատման բոլոր տուրքերը ու վճարները միասին՝ կանխատեսվող նախահաշվային շահույթից ավելի մեծ գումար են կազմում, մասնավորապես՝ 109 տոկոս:
«Ստեղծված իրավիճակը դրդում է կառուցապատողներին այս ոլորտում գործունեություն չիրականացնել, համապատսախանաբար՝ չապահովել տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր, հարկային մուտքեր և այսպես շարունակ»,-ասաց նա։
ՀԿ նախագահը նշեց, որ նման փոփոխությունները հանգեցնում են անկանխատեսելիության, ինչն էլ իր հերթին վախեր է առաջացնում ներդրողների մոտ։
«Ձևավորվում է անկանխատեսելի ու նեգատիվ ներդրումային միջավայր, ինչը նշանակում է՝ խաղի կեսից կանոնների փոփոխություն, որն անթույլատրելի է ու հղի է ծանրագույն հետևանքներով: Մեզ հետ զրույցում մարդիկ շատ դիպուկ օրինակ են բերել. այս իրավիճակը նման է մի երևույթի, որ անձը ձեռք բերի ինքնաթիռի տոմս Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ 200 դոլարով, սակայն թռիչքի կեսից տեղեկանա, որ օրինակ թռիչքի օդանավ նստելու գինը սահմանվել է 50,000 դոլար և այն պետք է վճարի: Առնվազն հողամաս ձեռք բերած և ներդրումներ կատարած անձանց համար պետք է սահմանել անցումային դրույթներ, ինչը բացակայում է»,-ասաց Գրիգորյանը։
Նա հորդորեց ոլորտի նկատմամբ վուցաբերել առանձնահատուկ վերաբերմունք, քանի որ տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող ճյուղ է։
«Հակառակ դեպքում դոմինոյի էֆեկտով առաջացող տնտեսական հետևանքներից տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը՝ բանկերից սկսած, գյուղատնտեսությունով և մանրածախ առևտրով վերջացրած, հետևանքները մեզ վրա զգալու ենք բոլորս, անգամ փողոցում արևածաղկի վաճառքով զբաղվող տատիկը։ Ակնհայտ է, որ կառուցապատման ոլորտի անկմամբ ունենալու ենք դեմոգրաֆիկ նոր մարտահրավեր, հայ տղամարդիկ նորից կորդեգրեն արտագնա աշխատանքի (խոպան) ճանապարհը, բազմաթիվ աշխատատեղեր կփակվեն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սաքապետոյան. Վճարների, տուրքերի ավելացումը, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից սակագնի բարձրացումը բերելու է բնակարանների 10-15 տոկոսով թանկացման
- ՊԵԿ-ը՝ քաղաքացիներին․ Կառուցապատողներից պահանջել գնվող բնակարանների իրական արժեքները