Մեր խնդրանքները հաշվի չառնվեցին և հիմա տեսնում ենք մեր կանխատեսած իրականությունը. Գուրգեն Գրիգորյան
«Կառուցապատումը պետության համար ռազմավարական և անվտանգային կարևորության տնտեսական ճյուղ է՝ հաշվի առնելով լոկոմոտիվ դերը, հարկաբյուջետային համակարգում ունեցած կշիռը, ՀՆԱ-ում ունեցած դերակատարումը»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ լսումներին ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Նա ընգծեց, որ խիստ անհրաժեշտ է պետության աջակցությունը, որ անվտանգային ռազմավարական այս ոլորտը մնա կայուն և ունենա ապագա, հակառակ դեպքում կունենանք տնտեսական ցնցումներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ:
Գ. Գրիգորյանը հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ ընդունվում էր Տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքի փոփոխությունը, իրենց կողմից ներկայացվել են մտահոգություններ, առաջարկել են օրենսդրական իմունիտետ սահմանել կառուցապատողների համար, այդ թվում՝ բազային դրույքաչափերը սահմանել նվազ, գործակիցները ևս սահմանել նվազ, սակայն, իրենց առաջարկները չեն ընդունվել, որի հետևանքները տեսնում են այժմ։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը ներկայացրեց իրենց առաջարկները. «Նախաձեռնել օրենսդրական փոփոխություն՝ Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքով նվազեցնել բազային դրույքաչափը՝ յուրաքանչյուր 3000 քմ կառուցապատման մակերեսի համար սահմանված տեղական տուրքի 1 մլն դրամի փոխարեն սահմանել, օրինակ, պայմանական, 100 հազար դրամ, գոտիների համար սահմանված գործակիցներն ըստ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի գոտիների՝ նվազեցնել համամասնորեն՝ օրինակ՝ 7-ից 1, ինչը կբերի հստակ տարանաջատման:
Առաջարկում ենք նաև փոփոխություններին տալ հետադարձ ուժ՝ օրենքով՝ 2024 թվականի հունվարի 1-ից սկսած։ Սա հնարավորություն կնձեռնի Երևան համայնքի ավագանուն՝ փոփոխել հիշատակվող որոշումները»:
Հարակից հրապարակումներ`
- Կառուցապատող. Երևանում շենք ենք սարքում, ասում են՝ ջուրը Հրազդանից բերեք, գազը՝ Աբովյանից
- Գուրգեն Գրիգորյան. Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է նման ահռելի տուրքերով
- Արմեն Սաքապետոյան. Վճարների, տուրքերի ավելացումը, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից սակագնի բարձրացումը բերելու է բնակարանների 10-15 տոկոսով թանկացման