«Սիներջի» ընկերության տնօրենն ազատ է արձակվել
Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Նշենք, որ խոսքը «Սիներջիի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։
«Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,- այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 15-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու համար (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ առաջարկվեց ազատման դիմում գրել. Քերոբյան
- «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրենին և աշխատակցին կալանավորելու որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան
- Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին, «Սիներջիի» տնօրենին և աշխատակիցներին կալանքից ազատելու ՔՊ միջնորդությունը
- «Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին
- Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի մասին «Վերելք» գիրքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին