Տիկին Դոնարայի ժենգյալով հացի բույրը հիմա Երևանում է տարածվում
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում վերջերս տեղի ունեցավ Նարեկ Արշակյանի անհատական լուսանկարների՝ «Հայրենիքից հայրենիք» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Արցախում հայտնի մարդկանց դիմանկարները։ Նրանց թվում էր նաև տիկին Դոնարան։
Ստեփանակերտի շուկա մտած մարդն առանց տիկին Դոնարայի ժենգյալով հացի այնտեղից դուրս չէր գալիս։ Արցախ գնացողից շատերն էին խնդրում առաջին հերթին նրա պատրասատած ժենգյալով հացից բերել։ Հիմա տիկին Դոնարայի պատրաստած հացը Երևանում է բուրում։
«Պատկերացնո՞ւմ եք, նույն համն է, Արարատի մարզի գյուղերից գտան խոտերը, բերեցին։ Նույն Ղարաբաղի համ ու հոտն է, ով ուտում է՝ ասում է, Դոնարա, նույն համն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Դոնարա Գասպարյանը։
Մինչ ժենգյալով հացը պատրաստ կլինի, արցախցի կինն ընկնում է հիշողությունների գիրկը, ականջին Ստեփանակերտի շուկայի խոսքն ու զրույցն է, աչքերի առաջ իր հողը, տունը, հարազատների, եղբայրների շիրիմները։
«Եթե ճանապարհը բացվի, սրտատրոփ կգնանք, միայն թե ադրբեջանցիների հետ ապրել հնարավոր չէ։ Ինչքան էլ ասեն անվտանգության երաշխքիներ։ Ռուսն էլ էր անվտանգության երաշխիք, մենք ասում էինք՝ ռուսն այստեղ է, մինչև 2025 թիվն անվտանգ այստեղ կապրենք։ Բայց ռուսը մեզ դավաճանեց, թուրքը հարձակվեց...»,-նշում է կինը։
Մշտական հաճախորդները Հայաստանում գտել են տիկին Դոնարային, նրանց էլ ավելացել են հայաստանցիները։
«Գալիս են, ճարում են։ Նույնիսկ մեկ-մեկ զարմանում եմ։ Երևանից էլ շատ հաճախորդներ ունեի, իրենք էլ գալիս են, գտնում»,-ասում է արցախցի կինը։
Վերջին երկու ամիսներին ժենգյալով հացի պահանջարկը նվազել է։ Տիկին Դոնարան մտածում է՝ կոմունալ վճարները մեծ են, մարդկանց ձեռքում գումար չի մնում, սպասում է գարնան գալուն՝ հույսով, որ իր պատվերներն էլ կավելանան։
«Հիմա որդուս ընտանիքի հետ ենք ապրում վարձով։ Ամիսը 300 հազար դրամ վարձ ենք տալիս։ Սրան գումար լույսը, գազը... Գործը հիմա լավ չի, բայց ոչինչ, երևի կլավանա»,-ասում է նա։
Հայրենակիցներին տիկին Դոնարան հաճախ է կարոտում։ Հիմա նրանց հավաքատեղին դարձել են բանկերի բակերը։
«Մարդիկ գալիս են բանկի մոտը, հավաքվում ենք, խոսում։ Կարոտում ենք, հիմա հաճախ հանդիպել չի ստացվում, վայբերով ենք շփվում»,-ասում է կինը։
Լուսանկարները՝ համացանցից։