Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ․ Դատական դեպարտամենտ
ՀՀ Դատական դեպարտամենտից հայտնում են․ ·
«Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի համար արված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ՝ 2021 թվականի 0.71-ից հասնելով 0.89-ի։ Արդյունքում Հայաստանը շատ չնչին՝ ընդամենը 0.01 միավորով զիջել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոլդովային, որի դատական իշխանության անկախության ինդեքսը գնահատվել է 0.90:
Այս համատեքստում շատ դրական է գնահատվում այն, որ Հայաստանը դատական համակարգի անկախության առումով առաջատար է հարևան երկրների շարքում:
Նշենք, որ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել ու ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները:
Արևելյան գործընկերության ինդեքսը չափում է վեց երկրների առաջընթացը՝ կայուն ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Ցուցանիշը չափում է լավ կառավարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ներառյալ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ հարգանքի ու պաշտպանության մակարդակը, կայուն զարգացումը և Եվրամիության հետ ինտեգրումը:
Այս գործիքի նպատակն է բացահայտել ոլորտները, որտեղ բարեփոխումներն առաջընթաց են ապրում կամ հետ են մնում, ինչպես նաև առաջարկություններ են մշակում, որոնք կուղղորդեն երկրներին բարեփոխումների գործընթացում: Ցուցանիշը կարող է նաև օգնել բացահայտելու այն ոլորտները, որտեղ մտավախություն կա, որ առաջընթացը կդանդաղի կամ նույնիսկ կփոխվի»,- ասվում է հաղորդագրությունում: