Այս չեմպիոնությունը սպասված էր, ինձ համար սա շատ տպավորիչ է. Վարազդատ Լալայան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն իր չեմպիոնությունը կարևոր գործոն է համարում դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:
Նա նշել է, որ տեղյակ չեն եղել, որ Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական կրկնակի, Եվրոպայի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, միայն ընթացքում է պարզ դարձել։
«Ես պատրաստ էի այս մրցումներին: Ես պատրաստ էի հաղթանակի: Շատ ոգևորված եմ: 3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր: Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս է: Ինձ համար սա շատ տպավորիչ է, ես շատ ուրախ եմ։
Հիմա ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր, ամեն ինչ նպաստում է դրան: Օլիմպիական խաղերին առավել լավ պետք է պատրաստվենք, որ ավելի լավ ու վստահ ներկայացնենք մեր երկիրը»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լալայանը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200 և 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում: Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է
- Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է
- Ծանրորդ Վարազդատ Լալայանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն