Մեր առաքելությունը կարող է այցելել ՀՀ ամբողջ տարածք, բացառությամբ Ներքին Հանդի. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
«Մեր առաքելությունը կարող է այցելել ամբողջ Հայաստանի տարածք, բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը Ռուսաստանի ԱԴԾ-ի պատասխանատվության գոտում է գտնվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
Նա նշեց, որ, ի սկզբանե չեն բացառել, որ կարող են խնդիրներ լինել Ներքին Հանդ մտնելու հետ կապված։
Հարցին` ի՞նչ պատճառաբանությամբ ԵՄ դիտորդներին չեն թողնում Ներքին Հանդ, նա պատասխանեց. «Այս հարցը պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք ուղղակի շփումներ չունենք Հայաստանում տեղաբաշխված ռուսական ուժերի հետ»։
Մարկուս Ռիտերի խոսքով, նման խնդիր առաջացել է բացառապես միայն Ներքին Հանդում. «Մյուս տեղերում որտեղ մենք շփվում ենք, անցնում ենք կողքով կամ հանդիպում ենք ռուսական ուժերի հետ, նման խնդիրներ չկան»։
Այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել է, որ Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին միջադեպի վայր ԵՄ դիտորդական առաքելությունն հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն ունի հասանելիություն, նա ներկա է այնտեղ, բայց Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը ներկա է Ներքին Հանդում, բայց չի կարողացել կանխել միջադեպը. Արմեն Գրիգորյան
- Ներքին Հանդում արձանագրվում են նաև ականների պայթյուններ. Արման Թաթոյան
- Ներքին Հանդում պարզեցինք՝ ադրբեջանական զինծառայողները տարբեր ժամանակ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ․ Թաթոյան
- Թաթոյան. Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք
- Չեմ բացառում, որ Ներքին Հանդի գործողությունները կրկնվեն այլ հատվածներում. Սերժ Սարգսյան