Գրականության և արվեստի թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի արխիվից երեք նմուշ կցուցադրվի Փարիզում
Բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի կառավարության որոշմամբ այսօր կվերահուղարկավորվի Փարիզի պանթեոնում։
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում է պահվում Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ, և այդ հավաքածուից երեք ցուցանմուշ կվերահուղարկավորության արարողության շրջանակում կցուցադրվի Փարիզում։
Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմում է, որ Միսաք Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, երբ գալիս է Հայաստան, իր հետ բերում է նաև ամուսնու ձեռագիր ժառանգությունից որոշ փրկված նյութեր, որոնք այժմ սրբորեն պահվում են իրենց թանգարանում։
«Ամենաարժեքավորները Մանուշյանի օրագրություններ են։ Յոթ նոթատերեր են, շատ հետաքրքիր են՝ հայերեն ու ֆրանսերեն գրություններով, որտեղ գրում է ամեն ինչի մասին՝ այդ օրվա անելիքի, իր քաղաքական ու փիլիսոփայական հայացքների, գրական քայլերի»,- նշում է նա։
Մ.Հարոյանն ասում է, որ ֆրանսիական կողմի հետ, նաև համագործակցում են Մելինե Մանուշյանի քրոջ աղջկա հետ, նախապատրաստական աշխատանքներ են տանում օրագրերը հրատարակելու համար։
«Այս պահին օրագրերից երեքը Փարիզում են՝ ցուցադրվելու են պանթեոնում Միսաք Մանուշյանի վերահուղարկավորության արարողության ժամանակ»,- նշում է տիկին Հարոյանը։
Նրա խոսքով, բանաստեղծությունները հիմնականում հրատարակված են, անտիպ են հուշագրությունները, որոնց վրա էլ հիմա աշխատում են։
Միսաք Մանուշյանը երբևէ չի եղել Հայաստան, թեև ժամանակակիցների հուշերում կա, որ մշտապես ցանկացել է լինել հայրենիքում։
«Ենթադրում եմ՝ եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինքը հաստատ գալու էր Հայաստան»,- ասում է Մ.Հարոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից՝ հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն և ծանոթացել ֆրանսիական մշակույթին: 1925 թվականին տեղափոխվելով Ֆրանսիա՝ նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ։
1943 թվականի նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալում են Մանուշյանի խմբի անդամներին Էվրիում։ Մանուշյանի կնոջը՝ Մելինե Մանուշյանին հաջողվել է փախչել:
Միսաք Մանուշյանը տանջանքների է ենթարկվել և երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվել Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։
1978 թվականի նոյեմբերի 4-ին Փարիզի Իվրի սյուր Սեն արվարձանի զինվորական գերեզմանոցում բացվել է Միսաք Մանուշյանի հուշարձան (քանդակագործ՝ Արա Հարությունյան)։
Հարակից հրապարակումներ`
- Միսաք Մանուշյանի աճյունը, որն այսօր կվերահուղարկավորվի
- Մակրոնի որոշմամբ՝ Միսաք Մանուշյանը վերահուղարկավորվելու է Փարիզի Պանթեոնում
- Միսաք Մանուշյանի խմբին նվիրված հայ-հրեական համատեղ հիշատակի երեկո` Փարիզում
- Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի խմբի հիշատակի արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին