ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նոր Նորքի ղեկավարի նստավայրի ապակիների վրա կրակելու գործով
Փետրվարի 20-ին, ժամը՝ 09։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել, որ ըստ քաղաքացուց ստացված ահազանգի' կրակել են Երևան քաղաքի Գայի պողոտա, 19-րդ շենք հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի ապակիների վրա։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2024 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերոհիշյալ շենքի աջակողմյան հատվածում գտնվող դռան մոտի աստիճանավանդակի վրայից հայտնաբերվել և վերցվել է երկու գնդակ, նշված դռան վերևի պատուհանի վրա առկա է վնասված մեկ հատված, իսկ մեկ այլ պատուհանի վրա հայտնաբերվել են թվով 6 ենթադրաբար կրակված հետքեր։
Բացի այդ, կրակոցի հետքի նմանվող մեկ վնասվածք հայտնաբերվել է նշված վարչական շենքի դիմացի ավտոկայանատեղիում, հետնամասը դեպի շենքը կայանված` մի քաղաքացու պատկանող «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու վրա, ինչպես նաև երկու ենթադրաբար կրակոցի հետք հայտնաբերվել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքին հարակից գտնվող՝ Գայի պողոտա 17-րդ շենք հասցեում տեղակայված «Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հետնամասում գտնվող առաջին հարկի ապակու վրա։
Նախաքննության շրջանակում դեպքի վայրից առգրավվել են տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի կրիչների պարունակությունը։ Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությանը։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ինչպես առերևույթ կրակոցներ արձակած անձին կամ անձանց, այնպես էլ նշված հետքերի առաջացման պատճառ հանդիսացած հնարավոր զենքի հայտնաբերման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան