Փաստաբան. Աշոտ Դանիելյանի գործով խուզարկության ընթացքում հայտնաբերված միակ կասկածելի բանը չորացրած նանան է
«Աշոտ Դանիելյանի բնակարանի և մեքենայի խուզարկությամբ թմրանյութ կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց»,-այս մասին հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ անձնական խուզարկության արդյունքներն իրավապահների համար ևս գոհացուցիչ չէին։
«Քննիչի ներկայացրած դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ոչ Դանիելյանի մոտ կամ նրան պատկանող որևէ գույքի մեջ, ըստ եզրակացության, կազմում է 0.44 գրամ, որը բավարար չէ անձին անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Իր հեռախոսի գաղտնաբառը քննիչին Դանիելյանը տրամադրել էր վաղուց՝ տալով համաձայնություն նաև թմրանյութ իրացնելու կասկածը փարատելու նպատակով թվային խուզարկության ենթարկելու համար։
Արդյունքները, պարզ է, բացասական էին վարույթն իրականացնող մարմնի համար։
Այնուամենայնիվ, թմրանյութ պահելու և իրացնելու մեջ կասկածվող Աշոտ Դանիելյանը, ով բերման է ենթարկվել հակատերորիստական միջոցառումների սցենարով, առ այս պահ անազատության մեջ է»,-ասաց նա։
Փաստաբանի խոսքով, խուզարկության ընթացքում հայտնաբերված միակ կասկածելի բանը չորացրած նանան է։
«Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ Աշոտ Դանիելյանը որևէ առնչություն ունի թմրանյութերի օգտագործման կամ ապահման հետ, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է նա գտնվում անազատության մեջ»,-ասաց Երիցյանը։