Հաճելի էր, երբ երկու հայ մարզիկ կանգնում են պատվո հարթակին. Հայաստանի թիմը վերադարձավ Ծանրամարտի ԵԱ-ից 26 մեդալով
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում գիշերը մեծ թվով երկրպագուներ զուռնա-դհոլով դիմավորեցին Եվրոպայի առաջնությունից վերադարձած ծանրամարտի Հայաստանի թիմին՝ մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի, Արտաշես Ներսիսյանի ուղեկցությամբ:
Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում: Ես ինչի պատրաստ էի, ինչ կարող էի, արեցի, հաղթեցի:
Այն կիլոգրամները, որ բարձրացրի, իմ առավելագույնը չէր: Պատրաստվելու ժամանակը քիչ էր: Սոֆիայում 100 տոկոսանոց մարզավիճակում չէի և ոչ միայն ես: Հիմա փուլ առ փուլ գնում ենք Օլիմպիական խաղեր:
Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում: Հաղթանակի հնարավոր լինելու համար պետք է քրտնաջան աշխատել, պարապել, ինչը ես անում եմ, մնացածը Աստծո կամքով ամեն ինչ կլինի»,- ասաց Վարազդատ Լալայանը:
Վարազդատ Լալայանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 455 կգ արդյունքով (205+250 կգ):
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ասաց. «Ափսոսում եմ, որ օլիմպիական քաշային կարգում չեմ: Բոլոր մարզիկների երազանքը Օլիմպիական խաղերին մասնակցելն է, այդ հաճույքը զգալն է: Այս առումով ափսոսանքս շատ մեծ է, բայց ոչինչ չենք կարող անել, այսպես է դասավորվել:
Եվրոպայի առաջնությունում հաճելի էր երկու հայի մրցակցությունը: Իհարկե, հաճելի էր երկու հայ մարզիկ կանգնում են պատվո հարթակին։ Շատ հաճելի զգացողություն էր։
Առաջիկա նպատակս դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է»։
Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 375 կգ արդյունքով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (166+209 կգ): Նշենք, նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք, որ Բուլղարիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է։ 17 ծանրորդով Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:
Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Հակոբ Մկրտչյանը (96 կգ), գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը և Սիմոն Մարտիրոսյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել՝ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճել է 26 մեծ և փոքր մեդալ:
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Խուրշուդյանի հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա. մարզիչ Արտաշես Ներսիսյան
- Այս չեմպիոնությունը սպասված էր, ինձ համար սա շատ տպավորիչ է. Վարազդատ Լալայան
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 11 մեդալով առաջինն է
- Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է
- Ծանրորդ Վարազդատ Լալայանն առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
- Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, Սամվել Գասպարյանը` փոքր բրոնզե մեդալ
- Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը 5-րդն է
- Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն
- Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան