Անորակ ճանապարհաշինությունը ես կապում եմ կոռուպցիայի հետ.Արթուր Չախոյան
ՀՀ կառավարությունը 2024 թվականի պետական բյուջեով ճանապարհային ցանցի բարելավման համար հատկացրել է 119.5 մլրդ դրամ։ Ընթացիկ տարվա համար նույն բյուջեով անվճար հանրակրթական ուսուցման ապահովման տողին հատկացվել է գրեթե նույնքան գումար՝ 122 մլրդ դրամ։ Չնայած նրան, որ ահռելի գումարներ են հատկացվում ճանապարհաշինությանը, բազմաթիվ են անորակ ասֆալտապատման դեպքերը, որոնց մասին խոսվում է անգամ կառավարության նիստերի ժամանակ։ ԱԺ հանձնաժաղովներում ասֆալտապատումից դժգոհում են անգամ ՔՊ-ական պատգամավորները, կարծելով, որ իրենց չեն նկարահանում։
Ճանապարհաշինության ոլորոտի խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց շինարար Արթուր Չախոյանի հետ։
«Անորակ ճանապարհաշինությունը ես կապում եմ կոռուպցիայի հետ, քանի որ շինարարական նորմերի, քաղշիննորմերի խախտումով են կատարվում։ Բիտում, ձութ քիչ են օտգագործում կամ ընդհանրապես չեն օգտագործում, ասֆալտի շերտը բարակ են անում, խտեցումը չեն ապահովում։
Տարբեր տեղերում հողի վրա ասֆալտ են անում։ Ես Երևանի օրինակավ նման տեսանյութեր եմ հրապարակել։ Կոռուպցիա է, որ առանց խճի, հողի վրա ասֆալտ են անում, խճի փողը վերցնում են իրենց։ Եթե խիճն իր տեղում լինի, ձութն՝ իր տեղը, մնացած ամեն ինչն իր տեղը լինի, ճանապարհն ինչպե՞ս է քանդվելու։
Այդ ամեն ինչը կոռուպցիա է, և վերջ։ Նոր ասֆալտ անելու համար հատուկ գիտելիքներ պետք չեն, երբ աշխարհը վաղուց ասֆալտ է անում։ Նման թերացումները բացահայտելու համար գոյություն ունի պետական վերահսկողության ծառայություն, ճանապարհը կառուցելու ընթացքում տեխհսկողներ կան, որոնք մեծ գումարներ են ստանում, պատվիրատուն վերահսկելու գործառույթ ունի, սակայն ամբողջ հարցն էլ այն է, որ պատշաճ չեն վերահսկում։
Նշեմ, որ ճանապարհաշինությունն ամենահեշտ վերահսկով աշխատանքն է, բայց չի հսկվում, քանի որ այնտեղ մեծ գումարներ են ծախսվում և աչքաթող են անում»,-հայտնեց Արթուր Չախոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ՀՀ բյուջեից 6.06 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհաշինական 68 ծրագրի համար
- Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի մի հատ այսպիսի լեգիտիմության կարկաչուն աղբյուր. Նիկոլ Փաշինյան
- Ճանապարհներ կան, որ վերջին 5 տարիների ընթացքում մի քանի անգամ են նույնիսկ ասֆալտապատվել. Սուրեն Պարսյան
- Վարչապետ.Այս տարի ճանապարհաշինությունը դառնալու է առաջնահերթություն, քանի որ ճանապարհների վիճակը կտրուկ վատթարացել է