Հովակիմ Զաքարյան. Կառավարությունն իրավունք չունի մեր հարկերով ձևավորվող բյուջեից միլիարդներ ծախսել մեգանախագծերի վրա
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը, անդրադառնալով կառավարության կողմից «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացմանը, գրում է.
«Լուրջ դեմքով նստել ու քննարկել «Ակադեմիական քաղաքի» իրականացման ընթացքը, բայց մինչև հիմա չունենալ հստակ հաշվարկներ ու հիմնավորում, թե ինչու պետությունը պետք է ծախսի մի քանի հարյուր միլիարդ դրամ։
Նույնիսկ վենչուրային ներդրողները, որոնք պատրաստ են բարձր ռիսկային նախագծերի մեջ գումար ներդնել, միշտ պահանջում են բազմաթիվ հաշվարկներ, գաղափարի հստակ հիմնավորում, ռիսկերի գնահատում, կանխատեսումներ, որոնց արդյունքում որոշում են գումար տալ կամ չտալ։ Եւ սա այն դեպքում, որ նման ներդրողը գիտի, որ իր գումարը կորցնելու հավանականությունը շատ մեծ է։
Կառավարությունը վենչուրային ներդրող չէ։ Այն իրավունք չունի մեր հարկերով ձևավորվող բյուջեից միլիարդներ ծախսել մեգանախագծերի վրա, որոնք չունեն փաստարկված հիմնավորում։
Լավ, գոնե ամենապարզագույն մի հետազոտություն, հաշվարկ՝ ցույց տալու համար, որ այդ նախագծի արդյունքում, որի վրա միլիարդներ ես ծախսելու, կստանաս ավելի շատ արդյունք, քան եթե այդ գումարը ծախսես եղած ենթակառուցվածքների վրա։ Գոյություն ունի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, գերմանական ընկերություն, որը տարածքի նախագծումն է անում, օտարերկրյա խորհրդատուներ, կա մի ամբողջ պետական ապարատ իր նախարարություններով ու կոմիտեներով, որոնք ապահովում են այս գաղափարի իրականացումը, բայց չկա ոչ մի հիմնավորում, թե ինչու ենք սա անում։ Նույնիսկ չգիտենք, թե ինչ ենք ակնկալում ստանալ 2030 թվականին, ինչ ազդեցություն է դա ունենալու գիտության, կրթության, տնտեսության վրա։
Գաղափարի հեղինակներ ու դրա ձեռքը «կրակն» ընկած պաշտոնյաներ, մի քանի ամիս ժամանակ հատկացրեք ու կազմեք ձեր մեգանախագծի հիմնավորումը։ Դեռ ժամանակ ունեք, արեք տարրական հաշվարկներ որպեսզի վերջում իմանաք, թե ինչ եք ակնկալում ունենալ։ Թե չեք կարող դա անել, դիմեք հետազոտական ընկերությունների օգնությանը, կամ սեփական գիտնականներին (տնտեսագետներ, սոցիոլոգներ, կառավարման մասնագետներ) նպատակային ֆինանսավորում հատկացրեք, թող ուսումնասիրեն։ Վերջում էլ կասեք՝ մեր գիտնականները հիմնավորել են «Ակադեմիական քաղաքի» նպատակահարմարությունը...»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Կառավարությունը որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու
- «Ակադեմիական քաղաք»-ի հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ
- «Ակադեմիական քաղաքի» հատակագիծը պատրաստ կլինի 2024-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան