Պետք է զսպել Երևանի մեծացումը. Ճարտարապետ Հրաչյա Պողոսյան
«Ամենակարևորն այն է, որ պետք է զսպել Երևանի մեծացումը, իսկ հիմիկվա իշխանությունները, նախկին իշխանություններն ամեն ինչ արեցին, որ մեծանա, անընդհատ մեծանում է ու մեծանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը։
Նա նշում է, որ Երևանը մեծացնելով՝ դատարկել են արվարձանները։
«Սկսած Մեղրիից Նոյեմբերյան, սահմանամերձ տարածքները կիսադատարկ են։ Օրինակ, Մեղրիում 30 տարի առաջ 14 հազար բնակչության կար, այսօր 4 հազար է մնացել։ Ընդհանրապես, Սյունքին այս տարիներին դատարկեցին, այնքան քիչ մարդ է ապրում Սյունիքում, որ կարելի է ասել անմարդաբնակ է մինչև անգամ»,- ասում է ճարտարապետ։
Հ. Պողոսյանի խոսքով, վտանգավոր է, որ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում ու մերձակա տարածքներում. «Վտանգավոր է սյեսմիկ, ռազմական տեսակետից, որովհետև մենք հավաքել ենք մի բռնի մեջ ամբողջ Հայաստանի գիտությունը, կառավարությունը, ուսանողությունը։ Դա շատ վատ բան է, իսկ մյուս քաղաքները դարձել են անմարդաբնակ»։
Ինչ վերաբերում է Երևանի նոր հատակագծի մշակմանը, Հ.Պողոսյան ասում է, որ ինչքան գիտի «Երևաննախագծին» է հանձնարարված։
««Երևաննախագիծն էլ այնքան քայքայեցին, ոչնչացրեցին, որ այնտեղ սովետական տարիներին 800 մարդ էր աշխատում, հիմա այսօր մնացել է 50-60-ը։ Մասնագետներ էլ չկան։
Վիճակը դժվար է, եթե մասնագետ էլ լինի, ինչ պետք է անի, չեմ հասկանում, որովհետև այնքան փչացրել ենք 4 կողմից՝ քաղաքի ներսից, դրսից, որ դժվար է որևէ բան ուղղելը, բայց անհնար չէ»,- նշում է Հրաչյա Պողոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։