«Փաստ». Կառավարությունը որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու
«Փաստ» թերթը գրում է.
«Կառավարությունը, որ մի քանի տարվա մեջ այդպես էլ չի իրականացրել 60-70 տնից բաղկացած գյուղ կառուցելու իր ծրագիրը, որոշել է, որ «Ակադեմիական քաղաք» է կառուցելու: Ու ոչ թե Երևանից դուրս, այլ մայրաքաղաքի «ննջարանային» արվարձաններից մեկում: Հաշվի առնելով, թե հատկապես ո՛ր կառավարությունն է նման «ծրագիր» մշակել, կարելի է չկասկածել, թե ինչ ճակատագիր է ունենալու «Ակադեմիական քաղաք» ասվածը, առավել ևս, որ գուցե չհասցնեն էլ հիմքերը գցել:
Բայց դա էլ մի կողմ: Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ ա) կարևոր է «Ակադեմիական քաղաքում» տեղակայվող բուհերի «նախկին շենքերի» (ինչո՞ւ նախկին՝ շենքն էլ հո իր տեղո՞ւմ է մնում) արդյունավետ կառավարումը, օրինակ՝ վարձակալության տալը, բ) կառավարումն այնպիսին պիտի լինի, որ դրանից ստացած «ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը»:
Սա մի առանձնահատուկ «նյուվասյուկիություն» է: Այսինքն, Փաշինյանն ուզում է բոլոր բուհերից խլել շենքերը, որոնք նրանք հիմա տնօրինում են, շենքերն ու տարածքները տալ վարձակալության, վարձակալությունից ստացած փողերն էլ ուղղել... բուհերի համար «Ակադեմիական քաղաք» կառուցելուն կամ դրա ֆինանսավորմանը:
Հիշեցնենք. երբ Փաշինյանն ու իր կառավարությունը սկսել էին խոսել «Ակադեմիական քաղաքի» մասին, ակնարկում էին ինչ-որ հեռանկարներ: Իբր, իրենք ծրագիր ունեն, և այդ ծրագրում ամեն ինչ հաշվարկված է: Տրամաբանություն ունեցողները նշում էին «բիզնես հեռանկարների» կամ, ավելի ճիշտ, «բիզնես հետաքրքրությունների» մասին: Եվ ահա, Փաշինյանը չդիմացավ ու բացեց խաղաքարտերը:
Դեռ հարցի մի կողմն է, որ փաստացի նույնիսկ չգիտեն՝ «Ակադեմիական քաղաքի» համար փողերը որտեղից են ճարելու, որ այդ ծրագիրը շատ ավելի հում է, քան նույն Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը»: Մյուս կողմից՝ տեսնես ո՞վ է դեռ շենքը չօգտագործած՝ «էն գլխից» փող տալու, մինչև «Ակադեմիական քաղաքը» սարքեն, հետո դատարկեն այդ շենքերը: Առավել ևս, որ չի կարող լինել վստահություն, որ վաղը-մյուս օրը այս իշխանությունները չեն հեռացվի, ու նոր իշխանությունները տրամաբանորեն չեն զրոյացնի այդ հում, անիմաստ ու ծախսատար ծրագիրը:
Հա, իսկ եթե հրաշքով բանը դրան հասնի, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող են վերածվել բուհերի շենքերը..»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան