Կոմիտասի «Կռունկ»-ը հնչեց Փարիզի պանթեոնում Աստղիկ Սիրանոսյանի կատարմամբ
Փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների վերահուղարկավորության աարողության ժամանակ հնչեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը՝ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանի կատարմամբ։
Ինսթագրամում Աստղիկ Սիրանոսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի հետ լուսանկար է հրապարակել ու գրել. «Ի՜նչ մեծ պատիվ է այսքան մոտիկից զգալ Միսաք և Մելինե Մանուշյանների, ինչպես նաև նրանց բոլոր ընկերների և պարտիզանների՝ Փարիզի Դիմադրության շարժման ներգաղթյալ անդամների պանթեոնացումը։
Նրանց միջոցով Պանթեոն են մտնում դիմադրության բոլոր օտարերկրյա մարտիկները, քաղաքացիություն չունեցող մարդիկ, Ֆրանսիայի ու ազատության սիրահարները։
Անսահման երախտագիտություն իմ երկրին այս մեծ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու համար»:
Թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը ծնվել է 1988 թ. դեկտեմբերի 19-ին, Լիոնում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել երեք տարեկանից։ Ութ տարեկանում ընդունվել է Լիոնի CNR դպրոցը, այնուհետև բարձրագույն երաժշտական կրթություն է ստացել նույն քաղաքի կոնսերվատորիայում։ Վարպետության դասեր է ստացել Բազելի կոնսերվատորիայում (Իվան Մոնիգետիի դասարան)։
Կոմիտասին, Գաբրիել Ֆորեին, Ֆրանսիս Պուլենկին նվիրված իր ձայնասկավառակը 2016 թ.-ին մասնագետների կողմից արժանացել է բարձր գնահատականի և արժանացել Musica մրցանակի։ Évidence ընկերության հետ ձայնագրել է Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունների սկավառակ։
Աստղիկ Սիրանոսյանը նվագում է 1676 թ. ստեղծված թավջութակով, որը նրան տրամադրել է շվեյցարական «Բումբո» երաժշտական հիմնադրամը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին