Արեգակի վրա երկու վերին X դասի բռնկում է տեղի ունեցել
Փետրվարի 22-ին Արեգակի վրա երկու վերին X դասի բռնկում է տեղի ունեցել: Առաջին առավելագույնը գրանցվել է գիշերը Երևանի ժամանակով ժամը 03:17-ին։ Երկրորդ բռնկումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-11։00-ն, որի ուժգնությունը մի փոքր պակաս է եղել առաջինից և կազմել է X1.7: Ըստ նախնական տվյալների՝ երկու իրադարձությունների ժամանակ էլ արեգակնային զանգվածի մեծ ծավալներ մեծ արագությամբ դուրս են մղվել միջմոլորակային տարածություն։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզիյանը։
Վերջին անգամ Արևը անընդմեջ բարձր հզորության երկու պայթյուն է իրականացրել 2017 թվականի սեպտեմբերին, այսինքն՝ ավելի քան 6 տարի առաջ։ Նման իրադարձությունները չափազանց հազվադեպ են, քանի որ X դասի յուրաքանչյուր բռնկում սպառում է արևային էներգիայի պաշարները, և սովորաբար զգալի ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Այն փաստը, որ աստղն ի վիճակի է առաջացնել երկու նման հզոր պայթյուն անընդմեջ, խոսում է այն մասին, որ Արեգակը թևակոխում է չափազանց բարձր ակտիվության վիճակի:
Արեգակնային բռնկումների ինտենսիվությունը նշվում է լատիներեն A, B, C, M, X տառերով: Ամենաթույլ բռնկումները, որոնք դասակարգվում են որպես A, B կամ C, սովորաբար չափազանց թույլ են Երկրի վրա որևէ ազդեցություն ունենալու համար: M դասի ավելի ուժեղ բռնկումները կարող են լիցքավորված մասնիկներ նետել Երկրի վրա, որոնք ուժեղացնում են հյուսիսային և հարավային բևեռափայլերի լուսավորությունը։ X դասի արևային բռնկումները, որոնք ուղղված են անմիջապես դեպի Երկիր, կարող են ազդել ռադիոհաղորդակցության, էլեկտրական ցանցերի, նավիգացիոն ազդանշանների վրա և վտանգ ներկայացնել տիեզերանավերի և տիեզերագնացների համար:
Ինչպես հաղորդվում է Արևային աստղագիտության լաբորատորիայի (ՌԴ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ և Արևաերկրային ֆիզիկայի ինստիտուտ) կայքում, ըստ նախնական գնահատականների, արտանետված պլազմայի ամպերը անցնում են Երկրի կողքով, թեև բավականին մոտ հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, մեր մոլորակին մինչ այժմ հաջողվել է «խուսափել» արեգակնային հարվածներից։ Տարեսկզբից մինչ այս պահն Արեգակն արդեն իրականացրել է բարձր հզորության 5 բռնկում, և բոլոր դեպքերում Արև-Երկիր գծից զգալի հեռավորության վրա։ Գեոմագնիսական և տեխնոլոգիական հետևանքները բոլոր դեպքերում մինչ այժմ նվազագույն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան