«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին և նրա արցախատյաց թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և նրա շրջապատի նկատմամբ սկսված իշխանական արշավն իր արմատներն ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից պարզեց, որ 2023 թվականի աշխատանքային վերջին օրերին Սամվել Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը չեղարկելու որոշումը՝ այդպիսով հայտարարելով, որ Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի: Լուրի հավաստիությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ Փարիզ գործուղումների էր, զանգերին չպատասխանեց:
Բնականաբար, Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումը և դրա ուղարկելու քայլը վրդովեցրել է Նիկոլ Փաշինյանին և նրա արցախատյաց թիմակիցներին: Նրանք համարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով և հանձնելով՝ կարող են փրկել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, սակայն դա էլ չի հաջողվում: Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է տարածքային նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ՝ 8 գյուղեր, անկլավային այլ տարածքներ, ինչպես նաև 2021թ.-ից օկուպացված է պահում Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք: Այսինքն՝ Արցախը զոհաբերելով՝ Հայաստանը ոչինչ չի շահել, այլ կորցրել է:
Ապագայում սպասվելիք դժվարությունները, հարձակումներն ու ագրեսիաները որևէ կողմի վրա բարդելու համար (որևէ կերպ չի դիտարկվում Ադրբեջանը) Նիկոլ Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում և, ահա, գտել է. Արցախի ղեկավարությունն է Հայաստանում: Հրահանգված է Արցախի նախագահի շուրջ հնարավորինս սեղմել օղակը, և առաջիկայում տարբեր թիրախավորումների ականատես կլինենք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։