Գորիսում երեխաների քթից, ականջից հանել են միջատ, ատամ, ուլունքներ, ձկան փուշ
Գորիսի ԲԿ֊ի ԼՕՌ (քիթ֊կոկորդ֊ականջաբան) մասնագետ Քրիստինե Դադունցն օրվա կտրվածքով ընդունում է 30 և ավել բուժառու։ Բժշկուհուն հիմնականում դիմում են սուր շնչառական վարակներից հետո առաջացած ականջի ցավի, արտադրության, ականջի և քթի փակվածության, կոկորդային ցավերի դեպքում։
Դիտարկումներից պարզ է դառնում, որ մեծ թիվ են կազմում հատկապես տնային բուժումներից բարդացած դեպքերը։
Բարձր են նաև մինչև 6 տարեկան երեխաների քթի խոռոչում, ականջում, կոկորդում օտար մարմի առկայության գանգատներով դիմելիության ցուցանիշները։
Մասնագետի կողմից հետազոտությունից հետո փոքրիկների ԼՕՌ օրգաններից հանվել են նռան, լոբու, եգիպտացորենի հատիկներ, խաղալիքի մասեր, ատամ, ուլունքներ, ձկան փուշ։ Փոքրիկի ականջից էլ բժշկուհու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ դուրս է բերվել նույնիսկ տիզ։
Գորիսի ԲԿ֊ի մանկական և մեծահասակների ԼՕՌ բժշկուհի Քրիստինե Դադունցը հորդորում է սուր շնչառական վարակների ընթացքում առաջացած վերոհիշյալ գանգատների դեպքում, բարդություններից խուսափելու նպատակով, դիմել մասնագետին՝ համապատասխան բուժում ստանալու միտմամբ։ Իսկ օտար մարմիններից փոքրիկներին զերծ պահելու համար ցուցաբերել զգոնություն։
Գորիսի ԲԿ֊ն աշխատում է օր ու գիշեր, բարձր պատասխանատվությամբ և հմուտ մասնագիտական թիմով։