Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Էդիտա Գզոյանն անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրել Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Այցի ավարտին հյուրերը եղել են նաև Հիշողության պուրակում, որտեղ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2018 թ. տնկած արծաթափայլ եղևնին:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան