Անօրինական շինություններ և այլ գործընթացներ Սևանա լճի տարածքում, ինչո՞ւ է խախտվում օրենքը
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է տարածքներ տրամադրել՝ առանց հաշվի առնելով դրանց դեֆակտո կարգավիճակը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանության ոլորտի փորձագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ընդգծելով, որ այս գործընթացքի հետևանքով հետագայում կենսաբազմազանության և էկոհամակարգի կայունության մասով խնդիրներ կարող են առաջանալ։
Նշենք, որ ՇՄ նախարարության «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 6 հողակտորի հողհատկացում։ Նույն սկզբունքով հողահատկցման մրցույթներ կան նաև «Դիլիջան» ԱՊ-ի տարածքում։
«Ուզում եմ ուշադրություն դարձնենք հենց Սևան ազգային պարկի տարածքում հայտարարված լոտերի վրա։ Դրանք գտնվում են կիսով չափ 1903,5 մ նիշից ցածր տարածքում։ Կան տարածքներ, որոնք անտառապատ են և դժվար է պատկերացնել,թե ինչպես են իրականացնելու ռեկրացիոն գործողությունները։ Բացի դրանից, Ծովագյուղի հատվածում, որտեղ նշված է երկու տարածք, դրանք 2019-20թթ․-ին իրականացվել են անտառապատման աշխատանքներ՝ հայ-բելառուսական հարաբերությունների համատեքստում։ Այսինքն՝ որոշակի չափերով այդ լոտերը ծածկում են նաև այդ տարածքները։ Եթե այդտեղ օրինակ՝ սոճի է տնկված, ինչպե՞ս են պատկերացնում այդ տարածքներում ռեկրացիոն գոտիների հիմնումը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ղազարյանը նաև ընդգծում է՝ դեռևս պարզ չէ, թե նախարարությունը որքանով է հորիզոնական նիշերի ճշգրտման աշխատանքներ իրականացրել,քանի որ 2018թ․-ին իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ նիշերի որոշ հատվածներում եղել են բարձր սխալմունքի տոկոսներ և դրանք ենթակա են ճշգրտման։
«Տարեկան պլաններով տրված էր, որ այդ աշխատանքները պետք է ճշգրտվեին, որից հետո միայն կարող էին, տարբեր գործընթացներ պլանավորել՝ լինի վարձակալության տարածքների տրամադրման, թե մացառապատ տարածքների մաքրման աշխատանքներ»,- հավելեց նա։
Ոլորտի փորձագետի կարծիքով՝ չեն իրականացվում այն կարևոր միջոցառումները, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Փորխարենը փորձագետը նշում է՝ ափամերձ հատվածներում իրականացվում են ինքնակամ գործողություններ։
«2023թ-ին մի քանի բարձր լուծաչափական արբանյակային պատկերներից տեսնում ենք, որ ազգային պարկի տարածքում, հենց ափամերձ հատվածքներում, կան խոշոր եղջերավոր անասունների արածեցման դեպքեր, չիչխանով ծառապատ տարածքների մասսայական հատումներ, ինչպես նաև անօրինական շինությունների դեպքեր, որոնք արձանագրվել են 2019-2023թթ․-ի ընթացքում։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե նախկին իշխանությունների օրոք նմանօրինակ դեպքերը ենթարկվում էին պարսավանքի, ապա ինչո՞ւ է նմանատիպ գործընթացները շարունակվում հիմա։ Կան մի քանի կոպտագույն խախտումներ, երբ մինչև 1903մ նիշը շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Այս ամենն արձանագրվել են արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում։ Հստակ կարող ենք տեսնել,թե երբ են սկսել շինարարությունը և ինչ տեսակի խախտումների մասին է խոսքը»,- ասաց Ղազարյանը՝ շարունակելով․ «Եթե Վովա Գասպարյանին (ներեցեք անվանական նշելու համար) ասում էինք, որ խնդիր կա, օրենքը խախտել է ՝ տուն կառուցելով, ապա ինչո՞ւ եք 2018-ից հետո նույն կոպտագույն ձևով խախտում այդ օրենքներն ու օրենսդրական ակտերը»։
Այսեր Ղազարյանի խոսքով՝ առաջիկայում Սևանի ափամերձ հատվածներին վերաբերող խնդիրներին ավելի հանգամանալից կանդրադառնա, փաստագրված, որն ամբողջությամբ ի ցույց կդնի բարձիթողի վիճակը։
«Սևանի էկոհամակարգը բավականին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, սակայն գործադիր իշխանության, մասնավորապես՝ ՇՄ նախարարության, տարերային վերաբերմունքն այդ մարտահրավերներին, ուղղակի ցավալի է»։
Մասնագետը նաև խոսեց մեկ այլ խնդրից՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումից, ինչը մտահոգիչ է։
«Ջրի մակարդակը բավականին իջել է, ինչի մասին փաստում են ոչ միայն մասնագիտական կառույցները, այլև՝ արբանյակային պատկերների դինամիկ վերլուծությունը։ Մասնավորապես, 2019-ից 2023թթ․-ի պատկերներով հստակ ընդգծվում է՝ Նորաշենի հատվածում կղզյակների որոշ մասն արդեն երևում են։ Դրանք 2018թ․-ին ջրածածկ վիճակում էին, այժմ նորից դուրս են եկել։ Սա խոսում է այն բանի մասին, որ ջրի մակարդակն էապես իջել է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Լուսանկարները տրամադրել է Այսեր Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան