00 OO 000 համարանիշի աճուրդը մինչև փետրվարի 28-ն ընթացքի մեջ է. ՆԳ փոխնախարար
«Ես չգիտեմ՝ ինչու են նման լուրեր տարածվում, որովհետև կա ստանդարտ կարգ, որը հանրայնացված է, որտեղ հստակ գրված է, թե աճուրդն ինչպիսի ընթացակարգով է իրականացվում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե 00 OO 000 հաշվառման համարանիշը վաճառվել է 300 000 դոլարով:
«Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 OO 000-ի համար չի հայտարարվել: Ըստ այդմ, աճուրդը տևում է 3 աշխատանքային օր, հետևապես, մինչև փետրվարի 28-ը դեռ աճուրդի իրականացման պրոցեսում ենք գտնվելու: Երբ աճուրդն ավարտվի, կիրազեկենք քաղաքացիներին: Այս պահի դրությամբ որևէ վաճառք չի եղել տրամաբանորեն, աճուրդը դեռևս ընթացքի մեջ է»,-ասաց նա:
Հարցին, այդ դեպքում որտեղի՞ց են այդ լուրերը, փոխնախարարը նշեց. «Չեմ կարող ասել, որովհետև քվեարկության ժամանակ էլ լուրեր էին տարածվել, թե արդեն վաճառված է, չնայած գտնվում էինք համարանիշների ընտրության փուլում»:
Ճի՞շտ է տեղեկությունը, որ 00 OO 000 համարանիշի համար դիմել է 98 մարդ հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Երբ մենք ասում էինք 98 կամ ավելի բարձր թիվ, դա վերաբերում էր քվեարկություններին: Պրոցեսը հետևյալն է. սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդին, և հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է մոտակա աճուրդի օրն ու աճուրդի ենթակա համարանիշների ցանկը: Պարտադիր չէ, որ անձը քվեարկի ու մասնակցի աճուրդին, և հակառակը, կարող է անձը չքվեարկել, բայց հետո մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար: Այս պահի դրությամբ կոռեկտ չեմ համարում տվյալներ հրապարակել աճուրդի մասին: Այն մարդկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում:
Մեկնարկային գինը 20 միլիոն դրամ է: Մեկնարկային գները հաստատվել են ՆԳ նախարարի համապատասան հրամանով, համարանիշների չափորոշիչները հաստատված են կառավարության որոշմամբ: 20 միլիոն դրամը վերաբերում է բացառապես այդ համարանիշին՝ 00 OO 000: Մնացածի դեպքում այլ գնային սանդղակ է առկա: Գները հասանելի են աճուրդի կայքում և arlis.am-ում»,-ասաց Արփինե Սարգսյանը: