Մեկ շաբաթում 6 համերգ՝ տարբեր քաղաքներում. դաշնակահարուհի Եվա Գևորգյան
Երիտասարդ, տաղանդավոր ռուսաստանաբնակ դաշնակահարուհի, միջազգային տարբեր մրցույթների մասնակից և բազմաթիվ մրցանակների դափնեկիր Եվա Գևորգյանն այսօր Սվերդլովսկի ֆիլհարմոնիայում առաջին անգամ նվագելու է Ռավելի «Վալսը»։ Այս մասին նա հայտարարել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ իր համար «խենթ շաբաթ է սկսվում»։
«Երբեք տարբեր քաղաքներում շաբաթում 6 համերգ չեմ ունեցել։ Հաջողություն մաղթեք ինձ»,- գրել է դաշնակահարը։
Փետրվարի 28-ին Օրենբուրգի շրջանային ֆիլհարմոնիայում նա կկատարի արտասահմանյան և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համերգը կանցկացվի ՌԴ մշակույթի նախարարության «Համառուսաստանյան ֆիլհարմոնիկ սեզոններ» ծրագրի շրջանակներում։
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան