Ես կվերադառնամ իմ խուցը. Աշոտյանին թույլ չտվեցին ԵԺԿ համագումարին մասնակցել
«Այս ընթացքում ինձ խոչընդոտել են մասնակցել երեք կամ չորս եվրոպական կարևոր հավաքներին»,-դատական նիստում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ներկայացրեց, որ մարտին համագումար հրավիրած ԵԺԿ-ն Եվրոպայի ամենամեծ կուսակցությունն է, ինքը կառույցի արտաքին կապերի պատասխանատուն է։
«Այդ կուսակցության անդամ է Եվրոպական խորհրդարանի սպիկերը, որի հետ հանդիպում է Հայաստանի վարչապետ ներկայացող անձը։ Այդ կուսակցության անդամ են ԵՄ անդամ 7-8 եվրոպական տերությունների նախագահներ»,-թվարկեց Աշոտյանը։
Նա կարևորեց իր՝ ԵԺԿ համագումարին մասնակցելը, որպեսզի հնչեցնի ազգային, պետական հարցեր, խոսի մեր ժողովրդին վերաբերող առաջնային խնդրների, Արցախի խնդրի մասին։
«ԵԺԿն ունիկալ հարթակ է ազգային խնդիրների ներկայացման առումով։ Կարևոր է գնալ այնտեղ ազգային-պետական հարցեր ներկայացնելու համար։ Կարևոր է, քանի որ այս հանդիպումը նաև նախընտրական է»,-ասաց Աշոտյանը։
Նա վստահեցրեց, այս ամենը չի թվարկում, որ փոխեն իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը, դրա համար կան շատ այլ հիմքեր։
«Ես խոստանում եմ այնտեղ աշխատելուց հետո վերադառնալ «Նուբարաշեն» ՔԿՀ իմ խուցը։ Մտնել այդ չորս պատերի մեջ ու շարունակել պայքարը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ ավելացնելով, որ խոսքը չորսօրյա աշխատանքային այցի մասին է, գնում է ոչ թե իր անձնական, այլ ազգային-պետական հարցերով։
Հանրային մեղադրողը դեմ արտահայտվեց։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն էլ մերժեց միջնորդությունը։
«ԵԺԿ անդամ է հանդիսանում այն կուսակցությունը, որի անդամ է Արմեն Աշոտյանը։ Պատվիրակության կազմում երեք հոգի են՝ չհաշված այլ մասնակիցներ»,-ասաց դատավորը՝ նշելով, որ համագումարին կարող է մասնակցել ՀՀԿ մեկ այլ փոխնախագահ կամ ԳՄ այլ անդամ։